Tuesday, February 09, 2010

Միսաք Մեծարենց։ [Սա իրիկունն ըլլայի ես]

Սա իրիկունն ըլլայի ես,
եւ հըպէի ճակտին ամէն անցորդի,
չքնաղագեղ ու նըւաղուն յամուրդի:
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկունն ըլլայի ես,
լի երգովը թռչուններուն, մարդերուն,
ու տարրերուն աղաղակովը տրոփուն՝
սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
թոյլ, նազենի, շըղարշային, վարդաբոյր,
ու ծըփայի զերթ ոսկեսար վարագոյր
վըրան ամէն հոգիի:

Սա իրիկունն ըլլայի ես,
լի զանգակին ղօղանջներովն երկնաճեմ,
խնկապատար, օծուն, ջահուած Ժամի պէս:
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,
իմ անդորրիս մէջ ոգեւար աղջըկան
մարող ճրագին բոցեր տալու իմ ցոլքէս:
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկունն ըլլայի ես,
լի գոռ ծափովն ովկիանի ջուրերուն.
սիւքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն:
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկունն ըլլայի ես,
որ կը մարի սատափ բարձին վրայ ցայգուն.
թօթափող վարսքը գունագեղ ու ծփուն:
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագէս.
եւ ամենուն տայի հուրքէս, ոսկիէս:
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

No comments: