Յովհաննէս Թումանեան։ ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ
Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շրջան կազմած,
Քէֆ էին անում
Եւ ուրախանում
Մեր հսկայ պապերն ու մեր հայրերը՝
Գիւղի տէրերը։
Մենք, առոյգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր,
Նրանց առաջին գլխաբաց կանգնած,
Ձեռքներս խոնարհ սրտներիս դրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նրանց սպասում՝
Տաղ էինք ասում։
Երբ զուարթաձայն մեր երգը լռեց,
Մռայլ թամադէն բեղերն ոլորեց,
Նրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. “Ապրէ՛ք, երեխէ՛ք,
Բայց մեզ պէս չապրէք…”։
ժամանակ անցաւ, նրանք էլ անցան,
Զուարթ երգերս վշտալի դարձան.
Եւ ես յիշեցի մեր օրը լալիս,
Թէ մեզ օրհնելիս
Ինչու ասացին. “Ապրէք, երեխէ՛ք,
Բայց մեզ պէս չապրէք…”։
Խաղաղութի՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցաւը մե՛զ էլ է պատել։
ԱյԺմ, տխրութեան թէ քէֆի ժամին,
Մենք էլ, օրհնելիս մեր զաւակներին,
Ձեր խօսքն ենք ասում. “Ապրէ՛ք, երեխէ՛ք,
Բայց մեզ պէս չապրէք…”։
No comments:
Post a Comment