Սիլվա Կապուտիկեան։ Իմ կեանքը
Անփոյթ ապրեցի ես կեանքս բոլոր՝
Մանուկի նման ու թագուհու պէս.
Գուցէ նրանից, որ թոյլ եմ իրօք,
Գուցէ նրանից, որ ուժեղ եմ ես:
Հեշտ հաւատացի, հաւատացրին ինձ
Ու երբ խաբուեցի, անէծքի տեղակ
Ինքս թաքցրի աչքս նրանից,
Որ հայեացքի մէջ չկարդամ մեղայ:
Չորոնեցի յամառ ոչ մէկին,
Եւ անհոգ եղայ գտածիս հանդէպ,
Երբեք չհաշուեց իմ հպարտ հոգին
Իր կորուստները անթիւ ու անտես:
Թէ փակել էր պէտք, ես դուռը բացի,
Թէ պահել էր պէտք, ասացի՝ «գնա»,
Թէ կանչել էր պէտք, լռեցի խոնարհ,
Թէ արցունք էր պէտք, ես ծիծաղեցի:
Գուցէ նրանից, որ թոյլ եմ իրօք,
Գուցէ նրանից, որ ուժեղ եմ ես…
Անփոյթ ապրեցի իմ կեանքս բոլոր՝
Մանուկի նման ու թագուհու պէս…
No comments:
Post a Comment