Thursday, July 15, 2010

ԱՆԱՀԻՏ ՊԱՐՍԱՄՅԱՆ։ ՄԱՐԳԱՐԻՏԸ

Եվ օրերիս առջեւ ես ելնում եմ ահա,

Կորա՜ծ մի մարգարիտ՝
դալկափայլով իմ պերճ,
Եվ խաղաղ եմ հիմա,
եւ պայծառ եմ հիմա,
Հիմա դժվար է ինձ խորքից հանել:

Ջրասույզներ ճարպիկ
փորձ արեցին այնքան,
Եկան ու ետ դարձան,
խեցիս ինձ պահպանեց,
Մինչ իր գահին բազմած
սպասո՜ւմ էր արքան,
Սպասում էր՝ մարգարի՜տը հանեն:

Եվ ժամանակն անցավ,
հետո տխրեց արքան,
Մարգարիտը չկար,
սակայն քարեր կային,
Բո՜ւռ-բուռ քարեր կային՝
հակինթ ու ադամանդ,
Շափյուղաներ, տոպազ ու մեղեսիկ:

Առավ քարերն արքան,
նայեց նրանց տխուր,
Իր մարգարիտն ո՞ւր է,
ծերությունն է գալիս,
Իր կրծքի տակ հազար
փակ կարոտ է լալիս,
Իր մարգարիտն ո՞ւր է,
օրն է իրիկնանում:

... Եվ օրերիս առջեւ ես ելնում եմ էլի,
Լռա՜ծ մի մարգարիտ՝
ծովի հեռո՜ւ խորքում,
Իմ սեգ արքան հանգավ՝
անունս իր շուրթին,
Եվ խեցիս ինձ արդեն
գերեզման է դառնում...

No comments: