ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ: ՁԳՎԱԾ ԱՂԵՂՆԵՐ
Գնաց անտառը, խրվեց ամպի մեջ,
խրխինջը ձիուն կորցրեց ձորում,
քունը գողացավ աչքը լուսնյակի,
օրվա մտքի մեջ խայտում է սուտը,
եւ հավքի ներսում երկինքն արնել է:
Գագաթն աստղերի զոհասեղան է,
խիղճը փնտրում է ու չի գտնում տեր,
ձիթենին Նոյի ձեռքն ուրանում է
լեռը շրջվել է մեջքով դեպ երկինք,
մգլահոտ փչեց փեշից Աստծո:
Քարտեզի վրա մի ծառս եղած ձի՝
Արցախ-դաժան սեր, վիրավոր անուն,
տունը փնտրում է աչքեր մայրական,
հայկյան աղեղը լարում է հոգու,
եւ օրերն անցնող՝ սլացող նետ են:
Ժամանակի դեմ, անմաշ ցավի դեմ,
հույսը համμույր է խաչքարի շուրթին,
վերադառնում է որդին դեպի տուն,
ճանապարհն իրեն կերտեց երազից,
տառապանքն ի վեր նավում է իղձը:
Զանգը արթնացավ արյան խորքերում,
զոհերը ելնում, միանում են մեզ,
անթիվ ձեռքերով գրկել է Քիրսը,
եւ լեռան փեշից մեռոն է թափվում,
ինչ էլ որ լինի՝ մենք լինելու ենք:
No comments:
Post a Comment