Friday, July 30, 2010

Համո Սահյան: ԴՈՒ ՓՈԽ ԵՍ ՏՎԵԼ

Ով մայր բնություն, խելոք ու խոհեմ,
Դու ամենահին եւ ամենանոր
Ամենապոեմ,
Դու փոխ ես տվել իմ այս ձեռքերը,
Որ ես վարսերիդ զմրուխտը շոյեմ,
Հարթեմ ճակատիդ կնճիռները խոր
Եվ ապաքինեմ սրտիդ վերքերը։
Դու փոխ ես տվել իմ այս ոտքերը,
Որ ես քանդակեմ նրանց հետքերը
Քո բարձունքների քարերի վրա,
Քո կանաչ-կարմիր դարերի վրա։
Դու փոխ ես տվել իմ այս աչքերը,
Որ դու նրանցով ինքդ քեզ նայես,
Տեսնե՜ս բյուրավոր քո հրաշքները,
Տեսնե՜ս ծաղկունքիդ գույները պես-պես,
Տեսնե՜ս հողմերիդ գալարումը խենթ,
Տեսնես, հիանա՜ս -
Եվ դու լիանա՜ս ինքդ քեզանով,
Եվ դու զարմանա՜ս ինքդ քեզանով,
Եվ դու թարմանա՜ս ինքդ քեզանով,
Եվ մտերմանաս դու ինքդ քեզ հետ։
Դու խոփ ես տվել իմ ականջները,
Որ ջրվեժներիդ շառաչը վսեմ
Եվ անտառներիդ հառաչը լսեմ
Եվ լսեմ անգամ
Զանգակածաղկիդ լուռ ղողանջները։
Դու փոխ ես տվել իմ շրթունքները,
Որ ես կրկնեմ քո շշուկները,
Որ ես նրանցով քո երգը սուլեմ,
Նրանցով փչեմ եղեգնյա փողդ,
Շո՜ղդ համբուրեմ.
Ցո՜ղդ համբուրեմ,
Համբուրեմ հո՜ղդ
Որ օրոր ասեմ
Քունը փախցրած քո մրրիկներին
Եվ խորհրդավոր հեքիաթդ պատմեմ
Հեռու՜-հեռավո՜ր մոլորակներին։
Դու խոփ ես տվել իմ սիրտն անհանգիստ,
Որ դու նրանով
Արյունդ բաշխես ծառ ու կանաչին,
Զգաս փոխարկման օրենքները խիստ,
Զգաս երկունքի հրճվանքներն ամբողջ.
Քո բոլոր-բոլոր սարսուռներն զգաս
Եվ շոշափես քո զարկերակն առողջ։
Ով մայր բնություն իմաստուն ու վեհ,
Դու այդ բոլորը ինձ փոխ ես տվել,
Որ զգա՜ս, տեսնե՜ս,
Շոշափե՜ս, լսե՜ս,
Պատճառաբանես քո անցուդարձը,
Որ մարդուն հասնես,
Հասնես, մարդանաս,
Որ քո զորությամբ դու հպարտանաս,
Որ չձանձրանա՜ս ինքդ քեզանից,
Որ դու քաղցրանա՜ս ինքդ քեզանից,
Որ դու բարձրանա՜ս ինքդ քեզանից
Ու մնաս բարձր …
Ինչքան էլ որ դու ինձնով ճանաչես
Էությունը քո,
Ինչքան էլ որ դու իմ հոգով չափես
Վեհությունը քո,
Եվ ինչքան էլ որ դու ետ պահանջես
Տվածիդ վերջին բեկորը անգամ, -
Միեւնույն է, քո տվածի համար,
Ով մայր բնություն,
Շնորհակալ եմ քեզնից մշտապես,
Շնորհակալ եմ ես հազար անգամ։

1961

No comments: