Friday, December 12, 2008

ԳԱԼՈՒՍՏ ԽԱՆԵՆՑ: Աշունն Ու Ես

Արդեն աշուն է, անժպիտ աշուն…
Ցուրտ ու դեղնածամ քամի է շրջում,
Թախծադեմ կնոջ շնչից են թոշնել
Ծաղկունքն ու ծառեր:

Գիտեմ քեզ աշուն,
Ես հիմա արդեն ձմեռս եմ ապրում,
Շունչ ու շրշյունդ տրտում, դառնավիշտ,
Ինձ հիշեցնում են իմ ընկերներին,
Որ ռազմի դաշտից հեռացան ընդմիշտ:

Բանաստեղծորեն ապրել եմ ուզում,
Հեռանալ, փախչել քաղաքի հոգսից,
Բնության գրկում երգել անտրտում.
Հիշել երբեմնի իմ սիրածներին
Անցած, անմոռաց:

Ոսկեվարս աշուն, քամի ու շրշյուն,
Լացում են կարծես թփեր ու ծառեր,
Նւագում է մեղմ՝ քամին տրտմաշունչ,
Իմ սրտում տրտում կան անբառ երգեր:

No comments: