ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ։ ԵՌՄԱՆ ՎԱԽ
Փոքրացել է
ճաշի կաթսան մեր տան,
ու ապրում եմ մանուկներիս՝
հորս ու մորս հետ,
որոնց բնից ճյուղատարած
շիվ առ շիվ, թոռ առ թոռ՝
կարոտը խուլ
երկրից երկիր
արձագանքող
սիրտը նրանց
քրքրել ու քարտեզել է:
Փոքրացել է
ճաշի կաթսան մեր տան,
հստակում է զարկերը իր
լռության մեջ
ծերացած, հին ժամացույցը,
ճաշն եփելիս էլ շտապելու
ոչինչ չկա,
ոչ էլ՝ շուտ է:
Լռությունը այնքան բութ է,
կար ժամանակ՝
երազանք էր
պատերից ներս
երեկոյան մենությունը,
որ խռովքս փռեմ թղթին:
Հիմա տանը
նույն աղմկող լռությունն է,
ու… չի գրվում:
Փոքրացել է
ճաշի կաթսան մեր տան,
մեծ է միայն երանելի երկվորումս,
որ մեր տանը
թե՛ ծնող եմ, թե՛ երեխա:
Երեք օր է իմ ապակուն
զարկվում է նույն թռչունը՝
երկու լուրը ստացա արդեն,
երրորդ լուրը ուշանում է,
վախենում եմ՝
ծերանում են մանուկներն իմ,
ծերանում են,
կաթսայի մեջ
շահասպրամը դեռ բուրում է...
ԱՐՈւՍՅԱԿ
No comments:
Post a Comment