Friday, June 18, 2010

ՍԱԳՕ ԱՐԵԱՆ։ ՄԵՂԱՒՈՐ ԵՍ, ՅԱՐՈՒԹ ԿՈՍՏԱՆԴԵԱՆ


Անձրեւին չեկար,
Ծխամորճդ մնաց պատուհանիդ մօտ
Եւ ծառերը պարտէզիդ ծաղկեցան մինակ ու անտէր:
Կին մը կարմիրով, ժպտաց մուսայիդ
Ու պատմեց հին սիրահարկոտ աչքերուդ մասին...
Ու ինչ լաւ որ վերջին բարեւ մը չտուած կը հեռանաս մեզմէ...
Մինչ մենք յոգնած դէմքերով
Այս քաղաքի կամուրջներուն տակ կը փորձենք վերագտնել պատմութիւնդ:
Յիմար բանաստեղծ մինչեւ երբ պիտի փորձես փոխել այս աշխարհը...
Հասնիլ ու ըլլալ անոր մաքառումներուն կեդրոնը
Սիրել եւ ատել նոյն ատեն,
Փրկել եթէ պէտք ըլլայ,
Խաբել, ու պոռթկալ առանց յոգնելու:
Առաջ գոնէ պոռնիկ մը կը համբուրէր ճակատը սէգ Չարենցին,
Եւ նիհար բարակ մատներուն` մուսայի բոյրը կը քսէր կապոյտ:
Ես հայրենիք չունեցայ պիտի երգէր ուրիշ մը, եւ սահմանադրութեան 
տառերուն մէջ ու սալոններուն` ստախօս
քննարկէր արեւմտա-արեւելահայ ըլլալուն մասին:
Կարծելով որ օր մը անցագիրը հայրենիք պիտի դառնար իրեն ու ինք աճէր 
այդ անցագրի թաւիշին մէջ:
Սարսափ մը այսօր,
Սարսափ մր հիւանդ խօսքի ժահրէն...
Սարսափ մը այսօր սուտ բանաստեղծիկներէն,
Անոնցմէ որ գրասեղաններու ետին նստած սուրճի գաւաթով 
ազգի ճակատագիրը կորոշեն...
Շը՜ ՜ ՜ ՜ ՜ րրրրրրրրրրրրրրխխխկկկ կը փակուի դուռը
Բայց ո՞ւր են հերոսները,
Ո՞ւր գացին ասպետները այս քաղաքին
Բոլորը մեռա՞ն:
Սարսափ թուղթէն,
Սարսափ անոնցմէ որ եարերու եարայէն լալկանօրէն բղձկալով
Թուղթին հետ նստած թուղթ կը խաղան...
Մունետիկներ քուն ու արթմնի
Փշուր-փշուր Պէյրութը գինիի փշրուած շիշ է հիմա,
Անոր յատակին շատ մը մեռելներ,
Եւ շատ արիւն անոր մայթերուն....
Ու սուրճի յախճապակեայ փայլուն բաժակները կը շարուին պատշգամբը
Ըմպելու համար կաթիլ մը երազ սուրճէն,
Յիշելու եւ կարդալու համար հին երգերը Յարութ Կոստանդեանին...
Սարսափ թուղթէն,
Այսօր չեմ աղօթեր որ ազգը բանաստեղծութեանս նոր հատորը տպէ,
Ու հիւանդներուն մօտ չտպագրեն գրածներս ու ածական 
կամ մակբայ չաւելցնեն:
Մոռցեր եմ գիրքս, մոռցեր եմ փուռը
Մոռցեր եմ մեծ մամային կաթնապուրին համը,
Ռոզիկ քոյրիկին մարթատէլով հացիկները
Մոռցեր եմ Մոնթէ Կարլոյի խօսնակին բխրուն ձայնը
Մոռցեր եմ պատերազմը...
Ո~հ ինչ երկար է սա անէծքի սփիւռքը 
եւ ինչ մեծ են անոր վէրքերը մարմնիս մէջ...
Տես մատներէս լոյս կը ցաթի
Ու տես աղօթքներս տղուս բերնէն հրուշակի պէս 
կը բացուին կեանքի ափսէին մէջ...
Ըլլար լիճ մը առանց Պետրոս Դուրեանի ու ես ծռէի հոն
կաթիլ մը աղի արցունք խմելու...
Այս քաղաքի գոյները կը ճանչնամ ես,
Կը ճանչնամ անոր խենթերուն անունները
Կը ճանչնամ անոր աղաւնի թռցնողները
Հնակարկատները եւ սեւով ճերմակի վրայ գրողները...
Կը ճանչնամ անոր պատշգամբներու կեցած 
ու փաթթելէն հալած-մեռած տղոց անունները...
Կը նայիմ անոնց աչքերուն մէջ
Ու աղօթքի տեղ կանաչ տերեւ կը տեսնեմ. . .
Ու կը ճանչնամ յիմար սիւնները Պաալպէքի որ չեն ուզեր շարժիլ 
գոնէ մէկ անգամ:
Կը ճանչնամ անոր սիրուած երգիչները
Գիտեմ անոր շատրուանները որոնց տակ
Կարապետ Այանեան եւ որդիք Մակնիշը կը կարդամ:
Կը ճանչնամ Պէյրութը ո~վ բանաստեղծ
Ես չեղայ Փարիզ, հեռու Փրովանսի լեռներուն գոյնը չեմ տեսած,
Ոչ ալ արուարձանը այն ուր շատ հայրենակիցներ ունիմ.
Ունիմ ընկերներ հատ ու կենտ ու խոստացեր եմ 
անպայման մի օր գալու եմ տղերք:
Ես կը ճանչնամ Պէյրութը
Իմ մէջ լեզուն կը փլուզի այսօր
Եւ քաոստները մէկ մէկ հասակ կառնեն
Իմ մէջս,
Գրադարանները կը փլին 
որպէսզի ապրի բանաստեղծութիւնը տաք հացի պէս,
Մեր թաղին ծայրը ամէն օր կարմրող հացին պէս
Որ հին օրերուն հացին չի նմանիր...
Ես սերմի հունտեր կը ցանեմ պատշգամբիս մէջ...
Որ առաւօտը ծիծաղով բանայ աչքերս
Որով ես կը սիրեմ կեանքը,
Հունտը կը գունաւորէ մեղքերուս հին դարանը
Ու չվերջացող սա սփիւռքի պատուհանէն 
կը նայիմ վերադարձի կայարաններուն...
Ու ցանած հունտերս, որ մը պիտի չուզեն հոս ապրիլ
չճանչնալու համար այն բաները որ ես ճանչցայ...
Սփիւռքը որուն դեւն եմ այսօր,
Շը՜ ՜ ՜ ՜ ՜րրրրրրրրրրրրրրրրխկ կը փակեմ 
ազգային պատուհանի ապակին,
որ չմսիմ
ու անգամ մըն ալ չծռիմ Պետրոս Դուրեանի արցունքներէն խմելու:
Ես կեդրոնն եմ Պէյրութին 
Ան որ հայրենիք կը փնտռէ Լոս կամ Մոնթրէալ 
Հէյ սուտլիկներ
Հայրենիքը մէկ է. . . .
Փրովանսի լեռներու բնակիչը
Որ աքսորեալ մեռաւ
Գիտէր ըսածս 
Գիտէ ըսածս:





Thursday, June 17, 2010

Վահան Տէրեան: [Լուսաբացին նա բարձրացաւ կախաղան]


Լուսաբացին նա բարձրացաւ կախաղան
(Արևածա'գ, օ~ , արշալոյս արիւնոտ)։
Կանգնած էին զինուորներն ու քահանան,
Գունատ ու լուռ կանգնած էին նրա մօտ,..



Ծեր քահանան ո՜չ մի աղօթք չէր յիշում
(Սիրտը նրան շշնջում էր՝ անիծի՜ր),
Լուսածագի ծիրանավառ մշուշում
Ցայտում էին ճաճանչները ցան ու ցիր...



Մռայլ սպան լուռ շրջում էր աջ ու ձախ
(Արդեոք յիշե՞ց նա իր մօրը հեռաւոր),
Գունատւում էր սև գիշերը և ուրախ
Արեգակն էր ոսկեզօծում սար ու ձոր...



Լուսաբացին նա բարձրացավ կախաղան
(Արևածա՛գ, օ՛, արշալոյս արիւնոտ),
Կանգնած էին զինուորներն ու քահանան,
Գունատ ու լուռ կանգնած էին նրա մոտ...

Wednesday, June 16, 2010

ԱՐՈՒՍԻԱԿ ՕՀԱՆՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ

Հեղինակի երկրորդ ժողովածուն է, որտեղ զետեղված են 2003-2009 թթ. գրված բանաստեղծություններ: 










Գրքույկն ունի բանաստեղծությունների յոթ շարք, որոնք էլ խորհրդանշում են հեղինակի խոհերի գույները` Երգեհոնաձայն այս պատեհության ազդարարումը նախերգանքային, Ինչ բերեմ ինձ հետ քեզ մայրամուտից, Թափառող Արև` գիժ, ոտաբոբիկ, խառնելով իրեն ծովին, ավազին, սեր է նկարում ծովի երեսին, Ես սիրում եմ կարոտներս ու ապրելու սպասումս, Թարթող լապտերի գլխիկոր հևքից դանդաղ ճոճվում է իմ ասելիքի չասելքիը լուռ, Կարոտ է հագել առավոտը այս` շուշանվել օդում ասես նորահարս, Մայրամուտներին լույս աղաչեցի անթարգման մտքիս թափառումներով



Գլխավոր խմբագիրն է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Պետական Համալսարանի գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը: