Վահագն Դավթյան։ ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՐԻՆ
Կես է գիշերն արդեն... Ու խավարում այս գաղջ
Ծխախոտիս նման հուշն է մխում...
Ի՞նչ իմանամ, հոգիս,
Հեքիաթներ կան ուրախ,
Բայց այս մեկը տխուր, շա՜տ է տխուր։
Ու չգիտեմ ինչո՞ւ, ու չգիտեմ ինչպե՞ս
Ինձ այցի է գալիս հարբած մի մարդ,
Ցնցոտիներ հագած մի շրջմոլիկ,
Մի խենթ,
Ցնցոտիներ հագած, բայց քրմի պես հպարտ։
Ծաղիկներ էր ծախում նա մայթերի վրա,
Իսկ ավելի հաճախ բաժանում էր ձրի,
Գինետուն էր մտնում
Ու այնտեղից ելած,
Տերն Էր դառնում բոլոր ծաղիկների:
Ու նա ոչինչ չուներ ծաղիկներից բացի
Ու երկնքից բացի` այլ տեղ ու տուն...
Միայն հուշեր ուներ նա «Չարյանցից»,
Որ պատմում էր հարբած ու մղկտում։
Ու նա հարբած էր միշտ,
Հարբած, ինչպես քամին,
Ինչպես երգը,
Սերը
Ու ծովն անեզրական...
Ու նա ազատ էր միշտ,
Ազատ, ինչպես քամին,
Ինչպես երգը,
Սերը
Ու ծովն անեզրական։
Խոստովանանք լինի, որ ես ինքս էլ կյանքում
Շատ ուզեցի հասնել մարդուն այդ խենթ
Ու չհասա սակայն։
Եվ նա մեռավ մի օր,
Մենակ,
Արձակ դաշտում,
Ծաղիկների մեջ թաց
Ու անձրևի ներքո աստղակաթի։
Ախ, ինչ ասեմ քեզ, տե՜ր,
Ախ, ինչ ասեմ քեզ, կյա՜նք,
Որ չտվիր ինձ բախտն այդ հեքիաթի:
Մեկն իմ ծաղիկների քնքշությունը խլեց,
Եվ հողմերին տվեց ժամանակի,
Մեկը առևանգեց խենթությունն իմ հրե,
Մեկը լեղի խառնեց իմ բաժակին։
Կես է գիշերն արդեն... Ու խավարում այս գաղջ
Ծխախոտիս նման ցավն է մխում...
Ի՞նչ իմանամ, հոգիս,
Հեքիաթներ կան ուրախ,
Սակայն իմը տխուր, շա՜տ է տխուր...
Վահագն Դավթյան 1964
No comments:
Post a Comment