Տաթև Չախեան։ Սարերում քայլում է ուղտը...
Սարերում քայլում է ուղտը՝
կուզիկ,
լղար,
բազմաչարչար,
բեռան տակ կքած,
արևից խանձված,
անատամ,
հոգնած,
փայլուն ճառերից գլուխն ուռած,
մտքով՝ Անթալիայում ծովափին պառկած...
Ուղտից աջ կրակում են:
Ուղտից ձախ կրակում են:
Ուղտից վեր տեղում չեն:
Ուղտին գնդակ չի դիպչում,
որովհետև... ի՞նչ իմաստ ունի...
Ու ինքն արդեն թքած ունի,
որովհետև ուղտ է,
որովհետև շուրջն անապատ է,
որովհետև ուղտապանը չկա ,
որովհետև կրակում էին...
Հ. Գ.
Տառաճանաչ ուղտին անապատ չեն քշում:
Փամփուշտ խնայելու համար նախ բարձով կոկիկ
փակում են քիթ-բերանը:
Անապատի թվացյալ ազատությունը
չանապատի բացակայությունն է:
Հալումաշ ուղտի անատամ բերանը
մի չորացած բան են գցում,
որ նա ծամելով տարված չնկատի,
որ շուրջը կրակում են...
© 2018 Tatev Chakhian
http://www.tatevchakhian.com
No comments:
Post a Comment