Thursday, August 08, 2013

ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻՔԵԱՆ: ՀԵՌԱՑՈՒՄՆԵՐ

Հեռանում են ամեն օր, հեռանում են ամենուր,
Հեռանում են մի առ մի, հեռանում են շար ի շար,
Հեռանում են աննշմար, թէեւ լեռ են ու բլուր,
Հեռանում են անմռունչ, կարծես լիճ չեն, գետաշխարհ։

Հեռանում են աշխարհից աւելի հեշտ ու յօժար,
Քան իրենց տուն ու ծխից պոկուել էին սրերով,
Հեռանում են կամակոր, դժուար, դանդաղ որպէս դար,
Իրենց յոյսից հողն իրենց անյոյս թողնել չուզելով։

Թէեւ աչքերը նրանց այլուրներում են շաղւում,
Բայց նո’յն երկրում են նրանք մարում մոմերը հսկիչ.
Ի՜նչ փոյթ, թէ ո’ւր է կորչում ճառագայթի պէս մեղուն՝
Նա միեւնոյն փեթակում մթագնում է մի բջիջ։

Հեռանում է սասունցին, եւ կոպերի հետ նրա
Մի նոր ստուեր է իջնում բարձրիկ սարին Մարաթուկ,
Աղօտանում են Դաւթայ աղբիւրները սառնորակ,
Վառօդի ծուխն է քամին Անդոքի շուրջ փարատում։

Հեռանում է մշեցին, եւ թուլացող, հոգեվարք
Զարկերակի հետ նրա Մեղրագետից մի ալիք,
Որ հայդուկի վէրք սրբել, ցոլացրել էր զէնք ու վարգ,
Ցամաքում է, չհասած Արածանուն, ձնհալին։

Մահանում է վանեցին իր երկրային դրախտի
Սիփանախտից, ծովախտից ու վարակից Վարագայ,
Եւ այդ պահին Աւանցում մի նորեկ թո’ւրք նաւաստի,
Ժպտում է, գոհ իր բախտից, բացում երկթեւ առագաստ։

Հեռանում են բազմանուն կիլիկեցին, ակնեցին,
Ձեռնուրագի պէս ճարտար ու քերթութեան պէս խոկուն.
Խլանում են գոռ վայրեր, զնգուն, ինչպէս սուր կացին,
Ու թօշնում է մի նշի հայրէնների պուրակում...

Հեռանում են ամեն օր, հեռանում են ամենուր,
Հեռանում են մի առ մի, հեռանում են շար ի շար,
Եւ մի երկիր, որ երբե’ք յուշանալ չի կամենում,
Պարպուելով աչքերից, հոսում է ողջ սի՜րտն ի վար։

No comments: