Thursday, August 22, 2013

ՄԱՏԹԷՈՍ ԶԱՐԻՖԵԱՆ: ՀՍԿՈՒՄ


Քի՛չ մըն ալ հսկեմ, գիտեմ, կը լուսնայ.
- Դուրսը լուսնկայ գիշեր է խաղաղ -
Ճրագիս բոցը շուտ-շուտ կը ցածնայ,
Քի՛չ մըն ալ հսկեմ, գիտեմ, կը լուսնայ…
Ինչո՞ւ այս գիշեր հսկումն այս յամառ.
- Դուրսը լուսնկայ գիշեր է խաղաղ -
Աչքերըս կ՛այրին, միտքըս չի կենար,
Ինչո՞ւ այս գիշեր հսկումն այս յամառ…
Բիւր անգամ չըսի՞ թէ ա՛լ չեմ սիրեր.
- Դուրսը լուսնկայ գիշեր է խաղաղ -
Հոգիիս վրայ սեւ քօղ եմ ձգեր,
Բիւր անգամ չըսի՞ թէ ալ չեմ սիրեր…
Բայց ամէն անգամ որ այսպէս լռին
- Դուրսը լուսնկայ գիշեր է խաղաղ`
Միտքըս չի՛ կենար, աչքերըս կ՛այրին,
- Ահ, յիշատակը այն խոշոր ժայռին…:

No comments: