Արամ Քէթէնճեան։ Իմ Սէրը
Իմ սէրը ժա՛յռ է, անշարժ հիմնաքար,
Քո սէրը կոպիճ, փոշիի հատիկ...
Իմ սէրն ամրոց է, ամրակուռ դղեակ,
Իսկ քո սէրը թոյլ, հիւղակ երերու՜ն:
Հսկայ արծիւ է սէրն իմ շնչատու,
Քո սէրը փետուր քամիին առաջ...
Քո սէրը գիր է աւազին վրայ,
Սէրն իմ ժայռափոր՝ քանդակ պողպատեայ...
Հաստաբուն ծառ է, բարդի է սէրն իմ,
Սէրըդ անարմատ եղէգ մը թեթեւ...
Իմ սէրը բարձըր ջրառատ ջրվէժ,
Քո սէրը ամրան անձրեւի կաթիլ:
Անծայրածիր է սէրն իմ, ովկիանո՜ս
Սէրդ անգոյն է, փուչիկ է, փրփո՜ւր...
Իմ սէրը կեա՛նք է, յոյս է եւ հաւատք,
Քո սէրը աւա՜ղ, երա՜զ ու խաբկանք...
Արամ Քէթէնճեան
No comments:
Post a Comment