Wednesday, March 22, 2017

Մատթէոս Զարիֆեան։ՁՄԵՌ ԻՐԻԿՈՒՆ

Դագաղի պէս նեղ օրեր,
Գերեզմանի փայտեայ խաչի պէս տխուր...
Դեռ երա՞զ, սէ՞ր -
Զո՜ւր է, զո՜ւր...
Գերեզմանի փայտեայ խաչի պէս տըխուր... ։

Ահա կ՚անցնին դիակի գոյն երկինքէն՝
Խուճապահար տարմերն անբախտ ագռաւի...
Ջարդէ փախչող մարդերու պէս կը հեծե՜ն.
Երկնքին մէջ ալ կը ջարդե՜ն՝ երեւի...

Ու փոթորկոտ իրիկունով,
Նախիրն ահա՝ լեռներուն մէջ ցանուցիր...
Ո՞վ գրեց, ո՞վ,
Կեանքի օրէնքը կարմիր... ։

*

Այս առտու,
Մարդ մը հուժկու
-Որ ունէր բիրտ ու արիւնոտ աչուըներ-
Մեծ կացինով մը ջարդեց
Լելակի ծառ մը տարէց։

Խորհեցայ թէ, երբ իյնար
Ծառն իր վըտիտ հասակով՝
Այն մարդն անշուշտ պիտի լար.
Ան հեռացաւ սուլելո՜վ...

Ո՞վ գրեց, ո՜վ... ։

*

Ահա կոչնակն Հայ ժամուն.
Հիմա հարկաւ մութ գըռիհններն են լեցուն,
Հայ մայրերով, մամերով,
Որ ժամ կ՚երթան իրկուն-առտու՝
Աւետարանն համբուրելու... ։

Անոնց տըժգոյն բերաններէն,
Հարկաւ, նորէն
Պիտի քակուի աղօթքն երկար՝
Մեռելներուն հոգւոյն համար... ։

Յետոյ անոնք, հարկաւ, նորէ՛ն
Իրենց տժգոյն բերաններով պիտի ներեն՝
Նոյնի՛սկ, նոյնի՛սկ թշնամիի՜ն...

Ու երբ մեկնին
Դողդողուն՝
Պիտի նորէ՛ն ունենան
Յիսուսի Ձեռքը շուշան՝
Ուսերնուն.. ։

*

Իրիկնամուտ, երկինքն ինչպէ՜ս կ բռընկի...
Աստուա՜ծ, Աստուա՜ծ,
Մարդիկ՝ ծունկի՝
Կարծես կ՚այրի՜ն,
Դիւային
Սա ամպերուն մէջ նետուած...

Ու կարծես թէ՝
Հեռուն,
Գլխատուած մարդ մ՚աստղերուն
Դե՜ռ կ՚աղօթէ
Բազկատարած. -
Աստուա՜ծ, Աստուա՜ծ... ։

*

Մա՜հ։
Ո՞վ է հըզօր իրեն պէս։
Մա՜հ, մա՜հ...
Պէտք է դընել, վերջապես,
Մեր հոգիները յըստակ՝
Իր երկարած սուրին տակ...
Ժըպտելո՜վ... ։

Ո՜վ գրեց, ո՜վ...

ՄԵԾ ԿՂԶԻ, ԱՊՐԻԼ 1923

Tuesday, March 21, 2017

Մատթէոս Զարիֆեան։ ԱՊՐԻԼԻ ՀՈՎԸ

Ապրիլի հովն աղջիկ մ՚է՝
Վարդ-մանիշակ շըրթներով...
Ապրիլի հովը, սակայն,
Երբ ըլլայ մո՜ւթ-մո՜ւթ գիշեր,
Աստուածուհի՜ կը դառնայ՝
Խենթեցընող համբոյրով... ։

1923

Monday, March 20, 2017

Յովհաննէս Ասպետ: ԿՐԱԿ ՈՒ ՄՈԽԻՐ

Այլեւս չեմ մտածում բեղումնավոր,
Քանի դեռ թանձրանում է սրտիս թախիծը.
Վա՜խ, անցել են տարիները ուղղեմոլոր,
Տանելով իրենց հետ իմ լուսե երազը:

Մ՛ի զղջում լռեցրել է իմ հոգին,
Տեսնում եմ որ հույլորեն անհետացել է,
Իր անփոխարինելի սերը՝ անգին,
Նրա երազը՝ ինձանից հեռացել է:

Արծաթափայլ հուշերի՝ ցոլքեր երբեմնի,
Տեղափոխում են իմ միտքը աղետալի,
Երբոր հոգուս կորովը՝ անհույս հատնի,
Փութով տանում են ինձ վայրեր սիրելի:

Երազը՝ մոլեգին այդ լույս օրերի,
Նրանց ջերմ շոյանքը՝ անցել են ինձանից.
Ա՜խ, վաղաժամ մարած մի կրակից,
Մնացել են մոխիրները երեկի:


Յովհաննէս Ասպետ, «Սիրոյ Քնար»
06/1973