ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ: ԼՈՒՍՆԱՀԱՉ
Լուսնի բուրվառից երազ է ծորում,
Միրաժ է կապույտ.
Ճահճում փրփուրը մամուռ է ծամում,
Գեջ է ու տամուկ...
Ոսկեշողի մեջ մի ստվեր շարժվեց,
Լուսնոտ մի բիճ է.
Մութի ծալքերից հովը ցիր տվեց,
Ավազ ու խիճ է։
Երկինքը կործվել երկրի վրա
Պեծեր է բանտել.
Պսպղուն աստղեր առկայծ, հեռակա,
Տենչես են լուսեղ։
Իցի~վ կռանամ քո կրծքին սիրով
Ու կայծը փրթի.
Մեր սրտերի մեջ, ո~ղջ տիեզերքով
Եռքը կհորդի...
Ու տատանվում է հորիզոնը բիլ,
Մրափն է ընկնում.
Լուսնոտի երա՞զ, թե՞ կոշմար է շիլ,
Ոռնում է մթում...
Ռեխը դեմ արած լուսնի արծաթին
Ծմրում է շունը...
Հրայրքներս թեժ... ծոցդ ծիրկաթին...
Հևքդ... շրշյու~նը...
Գլենդեյլ, Կալիֆորնիա, 2006-11-12
Copyright Grish Davtian. Used here by kind permission of the author.
No comments:
Post a Comment