Wednesday, June 12, 2013

ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ։ Հայաստան


Իմ քաղցրանո՜ւն,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ տառապա՛ծ,
Իմ փառապա՛նծ:
Հների մէջ` դու ալեհեր,
Նորերի մէջ` նոր ու ջահել.
Դու` խաղողի խչմարուած վազ,
Վշտերդ` ջուր, ինքդ աւազ.
Դու   բարդենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռուած փշատ.
Դու` կիսաւեր ամրոց ու բերդ,
Մագաղաթեայ մատեանի թերթ.
Դու` Զուարթնոց-աւեր տաճար,
Կոմիտասեան ծիրանի ծառ.
Դու` ջրաղաց խորունկ ձորում,
Դու` հորովել անուշ ծորուն,
Փայլ գութանի արծաթ խոփի.
Դու` նե՛տ, նիզա՛կ, մկո՛ւնդ կոպիտ,
Դու` հայրենի ծխանի ծուխ,
Դու` անգի՛ր վէպ, դու Սասնայ ծո՜ւռ…

Իմ փառապա՛նծ,
Իմ տառապա՛ծ,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ քաղցրանո՜ւն:
Դու մրգերի շտեմարան,
Ոսկեւազեան գինու մառան.
Դու` թաւշէ դեղձ, դու` փրփուր հաց,
Արտաշատեան խաղող սեւաչ.
Դու Սեւանի վառուող կոհակ.
Երեւանի սիւն ու խոյակ.
Դու` հանգրուան, կանչող փարոս,
Դու հայկական գերբ ու դրօշ.
Խօսուն վկայ կոտորածի
Ու վճիտ աչք ցամքած լացի.
Արդարութեան ահեղ ատեան,
Սրի պատեան,
Սիրոյ մատեան -
Միշտ հի՛ն ու նո՛ր իմ Հայաստան:

No comments: