Sunday, June 02, 2013

ՀԱՄՕ ՍԱՀԵԱՆ: Ապրում, Ծաղկում Է Ու Կայ


Եղել է ե՛ւ զոհ, ե՛ւ վկայ
Ամէնից ահաւո՛ր ջարդին,
Բայց ապրո՛ւմ, ծաղկո՜ւմ է ու կա՛յ
Մեր հայոց հինաւուրց բարդին:

Հողմեր են բախուել ու անցել,
Շանթեր են բախուել իր բախտին,
Ու դարձեալ բա՜րձր է մնացել
Մեր հայոց հինաւուրց բարդին:

Արեւը դարձրել է նա զարդ,
Վահան է դարձրել իր փառքին
Սէգ հասակն աշխարհին պարզած,
Մեր հայոց հինաւուրց բարդին:

Դարձել է արթուն ժամապահ`
Նա ինքն իր վայելուչ բարքին,
Իր նորոգ ճիւղերով հպարտ,
Մեր հայոց հինաւուրց բարդին:

Զմրուխտեայ վարսե՛րն է փռել
Երկնքի ծաղկաւոր բարձին,
Ոտքերը հողին մէջ խրե՛լ
Մեր հայոց հինաւուրց բարդին:

Եղել է ե՛ւ զոհ, ե՛ւ վկայ
Ամէնից ահաւո՛ր ջարդին,
Բայց ապրո՜ւմ, ծաղկո՜ւմ է ու կա՛յ
Մեր հայոց հինաւուրց բարդին:

No comments: