Saturday, June 08, 2013

ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ: ԵՐԳՍ

Ուզում եմ լինի իմ երգս խոնարհ,

ինչպէս կտոր հաց սեղանի վերայ
աշխատաւորի,
ինչպէս համեստ հարս` ծաղկած նռենի`
որ գարնան տենդով վառում է աշխարհ
ու լուռ տառապում տարփատենչ սէրով,
գաղտնի վշտերով:

Ճառագայթի խաղ` արցունքի բոցում,
լուսնոյ արծաթում
ստուերների խորքին կամ ձայն հառաչող,
սազի ելեւէջ
մեղեդիի մէջ –
ուզում եմ լինի իմ երգս թեւող:

Ինչպէս լերան գիծ պարզ եւ հոյակապ,
ինչպէս աշնան ծառ մունջ եւ ոսկեթափ,
տխուր պանդուխտի ծանր ոտնաքայլ,
կոտրած հայլիի թառամած մի փայլ,
եւ ցորենների
լռիկ տատանում – ուզում եմ լինի:

Եւ թող պարզ սրտեր, այրուած խորհուրդի,
նոր հմայքներով,
կանթեղ լոյսերով
կամ վիրաւորուած սիրոյ սուր սուրէն
իմ երգս երգեն:

Այն հոգիները` որ իմանում են
որոճող եզի թաւիշ աչքերում
իմաստը խաղաղ եւ հասկանում են
հսկայ գաղտնիքը կանչող աստղերի –
պիտի հասկանան բամբռահար թեւիս
զարկը յանդգնող եւ իմ հոգիիս
որոնող թռիչքը սրտում խաւարի:

Ուզում եմ լինի իմ երգս խոնարհ
ինչպէս կտոր հաց սեղանի վերայ
աշխատաւորի,
ինչպէս դարձիդարձ բոլորուող աշխարհ
յաւերժ անծայրի ոսկեայ դաշտերում
կամ կոյր անդունդում –
ուզում եմ լինի իմ երգս խոնարհ:

«Օրերի պսակը»

No comments: