Thursday, August 21, 2008

ՎԱՐԱՆԴ: ԱՐԵՒԻԴ ՄԵՌՆԵՄ...

Դու ուզել ես՝ քեզ գրեմ մի նամակ,
Խոստովանութեան պարզ ուղին բռնեմ,
Իսկ ես սէր եմ ու կարօտ եմ համակ.
- Արեւիդ մեռնեմ, արեւիդ մեռնեմ...

Դու ասում ես, որ չարիք կայ, վտանգ,
Եւ կարող են մեզ մեղքի մէջ բռնել.
Միթէ այդպէս չէ՞ր ընդմիշտ, շարունակ.
- Արեւիդ մեռնեմ, արեւիդ մեռնեմ...

Քեզ համար ես մի «Երազ էի թանկ»,
Եւ կարող էի քո «Կեանքն էլ առնել»,
Հիմա ինչպէ՞ս եմ դարձել «խեղկատակ».
- Արեւիդ մեռնեմ, արեւիդ մեռնեմ...

Դու ինձ համար մի արեւ էիր բարկ,
Իսկ հիմա նաեւ՝ սառցէ բեւեռներ.
Չդառնամ յանկարծ՝ սառոյցին՝ կրակ.
- Արեւիդ մեռնեմ, արեւիդ մեռնեմ...

«Կեանքը կարճ է շատ, չկայ ժամանակ
Սիրոյ մասին չար որոշում առնել».
Գիտես ու կրկին անում ես կատակ.
- Արեւիդ մեռնեմ, արեւիդ մեռնե՜մ...


* * *


Աշնան նշոյլ է նշմարւում
Անոյշ նայւածքիդ նուշում,
Անուրջ ներշնչում
այս մղձաւանջում.
Դրա համար եմ
Մոլորւում աչքիդ մեղոյշ մշուշում,

Կորա՜ծ որբի պէս
Ինքս ինձ յուշում՝
Ոսկէ դղեակ կայ
Այս ճամբի վերջում:

Աշնան նշոյլ է նշմարւում
անոյշ նայւածքիդ նուշում....

No comments: