Tuesday, November 16, 2010

Լեւոն Շանթ: ԱՆՏԱՌԻՆ ԵՐԳԸ


Մութին մեջ խոր պահվըտած 
հովը կը սուրա
Հանկարծ քունեն արթընցած 
անտառին վրա:

Ու կը խռնին ճյուղ ու ոստ 
իրարու ուսին,
Հովի չափին տակ ընդոստ 
կերգեն միասին:

Հոն թախիծին երկաթե 
սուր ճիչերը կան,
որուն հույսը կը փաթթե
թել մը դուրեկան:

Մեղեդի մը տառապանք 
հոն կը կարկաչեն,
ու վրեժը սանձարձակ 
կորոտա մեջեն:

Մերթ հանդուգըն շեշտ մը սուր 
ազատ ու վստահ,
մերթ կասկածի մը սարսուռ,
որ փախուստ կուտա:

Ծիծաղն անդին սուլելով 
կատակ մը կերգե,
ծաղրը իր խոր բամբ ձայնով 
քովեն կը հեգնե:

Հանկարծ կարոտ մը զգույշ 
կը վազե մեկդի.
սիրո կանչ մըն է քնքուշ,
որ կը խլրտի:

Իսկույն խումբը բռընկած 
զայրույթի մը պես
նույն կտորը դարձ ի դարձ 
կը կրկնե պեսպես:

Մինչեւ դողդոջ, նվաղկոտ 
վերջն է, կերկարի
հոգնած սրտի բոցն աղոտ 
որ մեղմ կը մարի:




ԼԵՒՈՆ ՇԱՆԹ, Երկեր, Սովետական  Գրող 1989

No comments: