Friday, November 12, 2010

Լեւոն Շանթ: Ուրվանկարներ

Ունիմ նկարչի տետրակ մը սիրուն, 
որ ժամանակի ձեռքեն խլելով
տարեր պահեր եմ աչքերե հեռուն
խորքը հուշերուս, խորշ մը ապահով:

Առաջին էջը իրարու փարած
Թերատ գծերու ցանց մըն է նրբին,
որոնք հոն մրոտ խառնուրդեն հանկարծ
այն չար աղջկան դենքը կը ծնին:

Ուրիշ կուսական դեմքեր շարունակ
կը գտնեմ այնտեղ հայացքիս գերի,
միայն բոլորն ալ անորոշ, խառնակ,
անփույթ վրձինի մարզանք են թերի:

Անդին երազուն եւ ընկեր դեմքեր
կը ժպտին ինծի անուշ կարոտով.
իրենց նայվածքի թարմ մութերն ի վեր
բոցեր կը ժայթքեն. ե'ւ կյանք, ե'ւ կորով:

Բանաստեղծական ֆանթազիներ ալ
պատկերներուս մեջ կան գծված հստակ.
Ոգեւորություն, Սեր ու Իտեալ,
եւ Գիտությունը` կին դիմակի տակ:

Ու խենթ իղձերու, սպասման, հուզման
եւ աշխատանքի, անհաս տենչանքի
հոն խառնափնթոր մարմնացումներ կան,
գծած ու ավրած, գծած կրկնակի:

Այո', նկարչի տետրակ մը սիրուն,
որ մոռացության ճանկեն խլելով
իբրեւ նվեր մը գալիք օրերուն
պահեր եմ մտքիս մեկ խորշն ապահով:


ԼԵՒՈՆ ՇԱՆԹ, Երկեր, Սովետական  Գրող 1989

No comments: