Saturday, November 22, 2014

Կարօ Արմենեան: Ճգնութիւն 16

այս շիշին մէջ դեւեր բանտեց ուխտի եկած նախնին
դեւեր որոնք հում միս կ՚ուտեն
                 կը սնանին պորտէն


այս շիշին մէջ լեցուց քէներ բիրտ համեմներ սիրոյ
խունկեր լղիրճ ու դաւադիր
                  հազար թոյներ աղու


այս շիշին մէջ զիրար գրկող հակոտնեայ կեանքեր
որոնք կաշիդ կը ճանկռտեն
                  դուրս գալ կ՚ուզեն բանտէն


այս շիշին մէջ անհուն գորով անգթօրէն լռող
անյոյս կռիւ անպերճ մարդու
                  եւ վաշխառու կարօտ


այս շիշին մէջ տենչերն իր մութ տեղաւորեց նախնին
տենչեր որոնք չեն յագենար
                  կ՚ուզեն խմել արիւն


այս շիշին մէջ իրիկնային սակարկութեամբ նրբին
կէսն իր պոկեց դրաւ պահուստ
                   չուառական չարչին


չզարմանանք ու չանիծենք ու չարանենգ խանդով
չյօրինենք առասպելներ կասկածելի փառքով
չխարխափենք եւ յանուն հօր չհալածենք որդին
չփնտռենք այպանելին այս տան շեմէն անդին


պարտքէն փախող հին մաքսաւոր ու բերանխուփ նախնին
այս շիշին մէջ եսն իր խեղդեց
                   մոլեգնութեամբ ահով

թողած ետին մարմինն իր սին անօթեւան թափուր
ինք սրբացած մաքրամաքուր
                  անգայտացաւ յերկինս


Կարօ Արմենեան

No comments: