Sunday, November 23, 2014

Կարօ Արմենեան: [թաւջութակի լարեր]

թաւջութակի լարեր որոնք գիտեն լռել

      ու մորմոքներ բերել

                             մեր խնճոյքին

ձեր փէշերէն կախուած մեղեդիներ կան դեռ
         
     ու չլսուած բառեր

          ձեր դողացող շուրթին



խորքեր ունիք յղի
արգանդ ունիք հզօր
կոնքեր ունիք մսեղ
շրթներ ունիք աղու
կը գրկուիք դողով
կը բաբախէք տենդով
ձեր մկանուտ երգով
կը մղկտաք անզօր


թաւջութակի լարեր
աղեղն է որ հիմա
կը համբուրէ լալով
ձեր մթագնած լեզուն
կը փնտռեմ կրկին
սփոփանքի բառեր
երբ կը լռէք խոժոռ
թևերուս մէջ այսօր


կը մարմնանայ ոխով
ձեր ընդվզումն ահեղ
ես կը սիրեմ խանդով
ձեր ապստամբ լեզուն
կը զայրանայ նորէն
ձեր մայրական առուն
տապալելով բուներ
վարարելով անհուն


թաւջութակի լարեր
որոնք կ՚ըզգան թաքուն
վերջին ժամու խօսքին
աննպատակ լեզուն
որոնք կրնան խիզախ
թափահարել բաշեր
ու տրորել ամուր
ձեր տխրութեան հիւլէն
որոնք կրնան կանգնիլ
քառասմբակ վարգել
արհամարհել մաքուր
սրտակցութիւնն այս ձեր


Կարօ Արմենեան
Յունիս 30, 2013
Երևան



No comments: