ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ: ԿՐԱԿԱՊԱՇՏ
Ես գիտեի,
Որ մի օր տեսնելու եմ քեզ
Ամբոխի մեջ,
Որի մասը չես կազմում.
Այլ եղել ես իմ տեսիլքը,
Որ դեռ մանկուց
Ցոլացել է իմ երևակայության մեջ։
Մանկության ու պատանության ոսկետեսիլ,
Որ վառվել է
Բոցերի ամենամաքուր գույներով,
Անմոխիր մնացորդով
Անկեզ մորենու նման...
Հրավառումներ կան,
Որ սպառվում են առանց անթեղի...
Դու տեսիլքի նման ես այրվել
Երևակայությանս մեջ
Ջինջ ու զուլալ այրումով։
Երգեր են ղողանջել իմ շուրթերին
Սերերի ու նվիրումների համերգներով.
Աստղավառումներ են եղել իմ եթերում
Ասուպների ու արևաքարերի շաղով,
Որ թափվել են,
Թափվել են
Բոցերից ցատկող պեծերի նման,
Որ եղել են
Երևակայությանս լավ երազները...
Երազներ` պեծերի ու կայծերի,
Որ չեն խամրում բոցալեզուների ծայրին...
Այլ կամարվում են,
Որպես երփներանգ ծիածան,
Տենչալի տևողություն ու տարածք
Երկրային վայելքների...
Հրավառվիր ցանկություններիս խարույկում,
Որ կրակապաշտի հավատքով
Պաշտեմ հուրդ, կրակդ ու բոցդ...
Գլենդել, Կալիֆորնիա, 2007-09-02
Copyright Grish Davtian. Used here by kind permission of the author.
No comments:
Post a Comment