Sunday, February 01, 2009

ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻՔԵԱՆ։ ԹԱԽԱՆՁԱՆՔ ԹՂԹԻՆ

Քսան հի՛նգ տարի քո հայելու դէմ,
Օ՜, համբերութի՛ւն, քսան հի՛նգ տարի։
Հերիք չէ՞ քո մէջ իմ դէմքը դատեմ՝
Մէկ հմայքի դէմ գտնեմ բի՜ւր թերի։

Գեղեցի՛կ ես դու եւ շուշանափայլ.
Մեղք է քեզ եղծել քո գովքով անգամ։
Բայց տուր ջրերիդ զուլալուել, ծփալ
Մի քիչ էլ գոնէ, ճերմա՜կ բարեկամ։

Ես գիտե՛մ, շունչս, քեզ աղօտելով,
Քեզ չի դարձնում նախկինից անբիծ,
Սակայն ի՞նչ անել, ինչպէ՞ս, եթէ լոկ
Ձեռքերս քեզնով ուռչում են ծափից։

Ի՞նչ անել, եթէ այն օրից, երբ իմ
Աշակերտական տետրից սահելով,
Վիճակեցիր ինձ քո փայլով նրբին
Տեսնել իմ հեռուն, ինչպէս ձնհալով...

Դու գիտես, թէ ես ուզեցի միայն,
Որ շարունակի խարշափել վրադ
Ծառն այն, որի դու գոյութեան վկան,
Ծնունդն ես, յուշը եւ խոստումն առատ։

Ուզեցի, որ դու չլինես յօժար
Իմ սարքած ամէն տօն ու հանդէսի,
Որ գէթ մէ՛կ անգամ ժպտալու համար
Եօթանասուն եօ՛թն անգամ ատես ինձ։

Ուզեցի մերթ էլ, որ գթաս մի պահ,
Անես գիշերս ցերեկիս դրօշ,
Չէ՞ որ առանց քեզ ես՝ անշահ, անճահ
Կեանքս՝ անհեթեթ ու գինս՝ գրոշ։

Ուզեցի.՜... Սակայն ի՜նչ չքնաղ ես դու՝
Մեղք է քեզ եղծել քո գովքով անգամ.
Բայց տո՛ւր ջրերիդ զուլալուել, ա՜խ, տո՛ւր,
Մի քիչ էլ գոնէ, ճերմա՜կ բարեկամ...

No comments: