Արամ Գառօնէ։ Ես հաւատում եմ
Ես հաւատում եմ քո դարձին կրկին,
Ու միշտ քո ճամբին եզրով եմ քայլում,
Քո հմայքներն եմ պատմում ամէնքին՝
Ու մատաղ սրտեր քո սիրով վառում։
Եւ բոյր է լցւում հոգիների մէջ,
Լոյս երազներ են հիւսւում անդադրում,
Ո՛վ շքեղ գալիք, ի՛մ ցնորք, ի՛մ տենչ,
Դու բիւր սրտերի խինդ ու արբեցո՛ւմ։
Քո մէջ նոր կեանքի գարունն է փթթում, -
Յակինթ օրերի, - կոկոն ու բողբոջ,
Քո մէջ լո՛յս, ժպի՛տ, կեա՛նք ու խլրտում,
Մի կախարդ երգի կարկաչ, հեւք ու կոչ…
Ես հաւատում եմ, պիտի գաս կրկին,
Ո՛վ լոյս առաւօտ, - անկարծ հանդիպում,
Դո՛ւ շքեղ հեքեաթ, դու Արեւածին,
Դո՛ւ բիւր սրտերի լուսեղ ցնծութիւն։
ԱՐԴԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ (Ժողովածու), Բ. Հատոր, Արտասահմանի Գրողներ, ՀԱՅ ԳՐԱԳԷՏՆԵՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ Մատենաշար 12, Փարիզ 1941
No comments:
Post a Comment