ՀԱՄՈ ՍԱՀԵԱՆ։ ԱՅՍ ԻՄ ԲՈՒՌ ՔԱՐԵՂԷՆ ՀՈՂՈՒՄ
Մուշեղ Գալշոյեանի յիշատակին
Ա՜խ, ինչքա՜ն զոհեր ենք տուեր,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք։
Արիւնի ծովեր ենք տուեր,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք։
Քրտինքի ծովեր ենք տուեր։
Որ կորդը բուրաստան պահենք,
Տաճարներ ու ոստան պահենք
Այս մի բուռ քարեղէն հողում...
Այս մի բուռ քարեղէն հողում
Դեռ ինչքա՜ն ջանք է հարկաւոր,
Որ պահենք հացը հոգեւոր,
Որ պահենք մեր քայլը՝ այս խենթ,
Քառատրոփ թռչող կեանքի հետ
Եւ պահենք մեզանով լեցուն
Մեր ոգու տարեկից լեզուն...
Սեփական մեր բոյրը պահենք
Եւ ապրենք տանը՝ սեփական
Եւ տոհմ ու գերդաստան պահենք
Եւ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք։
No comments:
Post a Comment