Սոնա Վան։ Մեկուսացման Երգ № 1
(կամ փառաբանության երգ՝ լաբորատոր
պայմաններում ստացված փրկչին)
Կուրացա
մի ամբողջ կյանք ողբալով
սևազգեստ կանանց հետ ու մայրերի
արնեցի կրունկներս
քայլելով մղոններ ոտաբոբիկ
ընդդեմ պատերազմի բոլոր ցույցերի մեջ
հոգնեցրի մատներս-նզովելով
աղվամազի մոլի իշխաններին
պատռեցի կոկորդս- պահանջելով
համեստ իրավունքն իմ աստվածային
ԹԱՂՎԵԼ ՁԵՌՔԵՐՈՎ ԻՄ ԶԱՎԱԿԻ
ծիծաղեցին՝
․․․սպանելու բացիլը ի վերուստ է տրված
տղաներին
պատերազմը հավերժ է ինչպես Աստված
մինչև հայտնվեց ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ
և ասաց
— Եղիցի գլոբալ զինադադար
ու եղավ զինադադար երկրի վրա
սա Կնոջ Աշխարհ է այսուհետ
ապրես փրկիչ
գաղտնաբառը՝ պսակ
ես քեզ անմիջապես ճանաչեցի
դու ՝ միակը աշխարհում
առանց դիմակ
միակ թագակիրը բոլորիս մեջ
որ մտար աննկատ
միանգամից
բոլոր դարպասներով մոլորակի
հայտնվեցիր բոլորի արյան մեջ
բոլոր շուկաներում ու տներում
շրջելով ամեն բան գլխի վրա
գիտեմ
շատ երկար ես մտածել
գալստյանդ ձևի մասին
երկրորդ անգամ
և սակայն ես ո՞վ եմ
որ քննարկեմ
հերթական ընտրությունդ անքննելի
Global զինադադար
սա երազ չէ՞
լռում են ռումբերն ու մայրերը
թռչունները երգում են տունդարձի երգ
կորոնա՜
բարի լու՞ր ես դու
կլոնված
միևնույն գթասի՞րտը պսակով
որ նախընտրում էր թույլին ու տկարին
ու հաստատում կարգը երկրի վրա
Սարեր մի շարժիր
պարզապես բարձրացիր գագաթին
ու վանկարկիր
քո սիրած ածականը երբևիցե
եղիցի ՀԱ- ՎԵՐ- ԺԱ-ԿԱՆ զինադադար
ու
կավետեն ձիթենու ճյուղերով
անունը քո
միլիոնավոր կանայք
բոլոր կտուրներից մոլորակի
No comments:
Post a Comment