Monday, May 10, 2021

Արամ Քէթէնճեան: Հող իմ հայրենի

Որքա՜ն կը տենչամ հիմա քեզի գալ,              

Դողդոջ  մատներով հողդ  շօշափել                

Ու  տաք  շուրթերով սրտանց համբուրել:


Ես անչափ կ՛ըղձամ ըլլալ ուխտաւոր,

Բարձրանալ լեռներ, ուղիներ դժուար,

Երկիւղածութեամբ ու խոնարհաբար,

Անշուք, հոգեդղորդ վանքերդ մտնել՝

Տամուկ աչքերով աղօթել երկա՜ր...


Խանդակաթ սիրով  կ՛ուզեմ   ձեր մօտ գալ

Անապակ ու սառ ջուրեր Գառնիի

Որ տաք շուրթերս    ձեզմով  զովանան,

Ու  ձեր  մաքրութեամբ իմ քիմքը օծուի...


Որքան  կը ցանկամ  պարզուիլ Արփայի 

Ուռենիներու շուքով  ծածկուած,

Հովանուտ  ու  զով ափերուն խոնաւ

Ու շնչել օդը մաքուր երկնքի:


Ես շա՜տ կը տենչամ

Գրկել քեզ անվերջ

Հող իմ հայրենի...

    

Արամ Քէթէնճեան

«Երկիր ու երկինք» հաւաքածոյէն                               


No comments: