Monday, October 20, 2008

Գէորգ Էմին։ ՄԵՐ ԱՅԲՈՒԲԵՆԸ

Այբուբեն չէ սա`
Բե՜րդ է անմատոյց,
Գա՛նձ է աննուաճ.

Դո՛ւռ է փրկութեան,
Ե՛լք, երբ յոյս չկայ,
Զարթօնքի նուա՜գ:

Էութի՛ւնն է մեր,
Ընթացքն ու ուղի՛ն,
Թագ ու զօրավա՛ր.

Ժողովող մի կա՛նչ,
Իմաստուն խորհո՛ւրդ,
Լինելու հնա՛ր:

Խո՛ւնկը խորանի,
Ծնո՜ղը Բանի,
Կնի՛քն ինքնութեան.
Հա՜ցն համապազօր հայի սեղանի,
Ձիրքերի հնձա՛ն:

Ղօղա՛նջը երգի, ղե՛կը ընթացքի,
Ճեմարա՜ն ճառի.
Մարզարան մտքի, մատեան հաւատքի,
Ի՜ւղ անմար ջահի:

Նախահի՛մքն է մեր,
Շո՛ղը մեր յոյսի,
Ոգի՛ն մեր ճարտար.

Չինարի՜ն այգու,
Պարի՛սպը մեր տան,
Ջրաղա՛ցն արդար:

Ռո՛ւմբն է մեր ռազմի,
Ռո՛ւնգը բնազդի,
Ռահվիրան կեանքի.
Սէրն ու սի՛րտն է մեր,
Սե՜րմը` միշտ ծլող,
Վէմ ու վիմագի՛ր:

Տունը` ցամաքում,
Տապանը` ջրում,
Րոպէն` սլացքում.
Ցորեանը` արտում,
Ուղին` անյայտում,
Փառքը` սխրանքում:

Քի՛ստն ու քա՛ղն է մեր,
Քանքա՛ր ու քնա՛ր,
Քարաւա՛ն ու ա՛փ.

Եւ
Օջա՛խն անմար, օժի՛տն անհատնում,
Ֆէ-ից մինչեւ Ա՛յբ:

No comments: