Monday, July 01, 2013

ՀԱՄՕ ՍԱՀԵԱՆ: ՇԱԲԹՈՒԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆԸ ՓՆՏՌՈՒՄ ԵՍ ԴՈՒ


Փնտռում ես դու ինչ-որ յանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կայ ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:

Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիւ ու վէճ,
Բայց կայ ինչ-որ մի քաղցրութիւն
Քո դառնագին խօսքերի մէջ:

Ա՜խ, յօնքերդ ես յաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպէս մռայլ,
Բայց կայ ինչ-որ քնքշութիւն
Քո անողոք դէմքի վրայ:

Յաճախ այնպէս խայթում ես դու,
Սրտիս այնպէս վիշտ ես բերում,
Բայց կայ ինչ-որ մտերմութիւն
Քո այդ օտար հայեացքներում:

Մերթ փարւում ես ինձ հովի պէս,
Մերթ հողմի պէս ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպէս շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցաւ պատճառում:

No comments: