Յովհաննէս Շիրազ։ Կտակ
Որդիս, քեզ ի՞նչ կտակեմ, ի՞նչ կտակեմ, իմ բալիկ,
Որ ինձ յիշես վշտի մէջ, թէ խինդի մէջ քո գալիք.
Գանձեր չունեմ, բայց գանձն ի՞նչ, գանձը լոյսն էր աչքերիս,
Դու ես միակ իմ գանձը, դու ես գանձը գանձերիս:
Քեզ այնպիսի գանձ կ՛ուզեմ ես կտակել հայրաբար,
Որ չի կարող կտակել ուրիշ երկրում ոչ մի հայր, -
Ես քեզ այն եմ կտակում, որին այս մեծ մեր դարում
Փոքրիկ մարդիկ են բանտել ու շղթայել ամպերում.
Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից,
Որ տուն բերես շալակած արդարութեամբ մեր անբիծ,
Ու կը բերես, իմ բալիկ, թէկուզ քո խեղճ թաթիկով
Մեր սարն այս կողմ շուռ կը տաս` արդարութեանդ ուժն է ծով,
Ու երբ բերես, իմ բալիկ, սիրտս էլ շիրմից կը հանես,
Կը բարձրանաս ու սիրտս ազատն ի վեր կը տանես
Ու կը թաղես իմ սիրտը ձիւների տակ Մասիսի,
Որ շիրմում էլ` դարաւոր հուր կարօտից չմրսի:
Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես յավիտեան,
Որպես լեզուն մեր հայոց, որպես սիւնը քո հօր տան:
No comments:
Post a Comment