Գեղամ Մուղնեցյան: Հայրենի Մեղեդի
Gegham Mughnetsyan of Washington, D.C. won the 2014 "ARTHUR HALVAJIAN MEMORIAL" ARMENIAN POETRY COMPETITION for the 23+ category. Congratulations Gegham!
Դո՛ւ, քո երգի մեղեդու թեւով
Հոգուս խորքերը լցնում ես քեզնով,
Դո՛ւ, իմ հեռու տուն
Դո՛ւ ինձ կյանք տվող ավիշ ու արյուն:
Քո այդ մեղեդին պարուրում է ինձ
Ու ես իմ տատի գրկում եմ էլի
Ու ես իմ պապի հեքիաթն եմ լսում,
Մանուկ եմ նորից, ապրել եմ սկսում:
Ու ձայնն այս, հնչյունը հողիդ
Ստիպում է էլի երեխա դառնալ
Հորըս ձեռից բռնել,
Գյումրիով ման գալ:
Հետո հասկանալ որ օրերն հեռացան
Ու երեխա չեմ լինի էլ ես
Ու իմ Գյումրին
Հեռու է հիմա:
Ու քո մեղեդին սկսում է տանջել
Ու այդ երգը քո արցունք է դառնում
Չե՛մ ըմբոստանում ես այդ ցավի դեմ,
Հոգիս ծով դարձած ափերն է ծեծում:
Ժամանակը ռետինի նման
Ջնջել է փորձում հուշերս հերթով
Ու քո մեղեդին կարծես սպեղանի
Շշնջում է լուռ, «Ես քեզ չե՛մ թողնի»:
Բայց ես քեզ թողի ու հեռուն եկա
Ու հիմա հեռվից քեզ ձոն եմ հյուսում:
Ղարիբ աշուղ եմ կարծես թե դառել
Ու իմ սիրածին կարոտ մնացել:
Հետո փոխվում է մեղեդիդ մի պահ
Ու թեւերս կամաց վերև են ելնում
Ու աշխարհը կարծես թնդալ է ուզում,
տակնուվրա է անում երգդ զուլալ
Ես ու գիշերը սկսում ենք պար գալ:
Արյունը սկսում է եռալ
Սիրտս խփում է արագ ու արագ
Մեղեդիդ ու ես իրար ձուլված՝
Դառնում ենք կենդանի մի նվագ:
Դուդուկիդ տեղը զուռնեն է զնգում,
Քաջերդ են ելել, ուս ուսի տված
Ինձ թիկունք դառել
Աշխարհի դիմաց քեզ վեր են հանում
Մի ամբողջ ժողովուրդ իմ միջով պարում էր
Ու ես քո գալիք նորն էի
Ու քո մեղեդին իմ տոնն էր
Ու ամեն վայրկյան ես քոնն էի:
Հոկտեմբեր 17, 2014
Գեղամ Մուղնեցյան
No comments:
Post a Comment