Monday, June 28, 2021

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ։ ԳԱԶԵԼՆԵՐ

1

Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր,
Սիրտդ լցվի թող հեքիաթով – դու խմի՜ր

Իրիկնային երկինքը բիլ թող անվերջ
Հոգիդ լցնի կապույտ կաթով – դու խմի՜ր:

Թող լո՜ւռ լինի. անրջավոր ու տրտում -
Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր:
2
Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,
Կարկաչում են ու կանչում են, կապույտում:

Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում -
Միայն շշուկ ու հնչյուն են – կապույտում:

Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում…

3
Ո՞ւմ եմ երգում. ի՞նձ, թե՞ քեզ – չգիտեմ.
Իմ երգում ինձ կգտնե՞ս – չգիտեմ:

Թե՞ ես ի՜նձ եմ որոնում, բայց գտնում եմ քեզ.
Կորցրե՞լ ենք արդյոք մեզ – չգիտեմ:

Գուցե ե՜ս եմ` քո երգում, գուցե ի՜նձ ես դու երգում.
Ո՞ւմ ես երգում. ի՞նձ, թե՞ քեզ – չգիտեմ…

4
Կա հոգու մեջ ու աշխարհում – մի ոսկի օղակ:
Բռնկվում է նա ու մարում – մի ոսկի օղակ:

Ո՞վ չի գտել – ժպտալո՛վ, ժպտալո՛վ -
Անդուլ վազքի ճանապարհում – մի ոսկի օղակ…

Բայց ես ինչո՞ւ, քու՜յր իմ, ինչու տրտմեցի այնքան,
Երբ բռնկվեց քո աչքերում մի ոսկի օղակ…
5
Դու կապույտը սիրեցիր – չգտար,
Սիրտդ դարձավ ձյունաձիր, – չգտար:

Երկինքներին` հեռավո՛ր, հեռավո՛ր`
Դու մանկորեն ժպտացիր – չգտար:

Կո՛ւյր աչքերից` աղոթքո՛վ, աղոթքո՛վ`
Մի քիչ կապույտ մուրացիր – չգտար…

6
Քո՛ւյր, զանգերի տխրության մի ղողանջ է քո հոգին:
Դղյակի մեջ մենության – բախտի կանչ է քո հոգին:
Եվ մենակ է, քույր-աղջիկ, այնքան մենակ ու տրտում.
Իրիկնային կապույտում մի ճաճանչ է քո հոգին…

Ո՞ւմ ես կանչում և ինչո՞ւ. զանգերը ո՞ւմ են կանչում.
Բայց չե՛ս գտնի, քո՜ւյր-աղջիկ, թող չկանչե քո հոգին…

7
Բոլոր խոսքերն իմ երգում – ճաճանչներ են լոկ:
Կապույտ միգում – ոսկեգույն ճաճանչներ են լոկ:

Քո աչքերից, քո դեմքից, քո լուսե երկրից
Ճառագայթված իմ հոգում – ճաճանչներ են լոկ

Իմաստ չկա, միտք չկա խոսքերում այս հին,
Բայց ինչո՞ւ են ամոքում – ճաճանչներ են լոկ…

8
Քո՜ւյր, իմ հոգին լուռ ու տարտամ – մի ստվեր է լոկ,
Դղյակի մեջ քո մենության – մի ստվեր է լոկ:

Եթե նայես կճանաչես, կտեսնես հանկարծ,
Որ ձևերիդ այնքա՛ն նման – մի ստվեր Է լոկ:

Գուցե ժպտաս, գուցե տրտմես, երբ զգաս, որ նա -
Եղերակա՛ն երկուության մի ստվեր Է լոկ…
9
Կղողաջեն օրերը քո – կմարեն.
Կկարկաչեն – մի երեկո կմարեն:
Ու ղողանջող օրերի մեջ երգված
Երազները քո լուսաճեմ – կմարեն:
Հե՛տ կնայես ու կճչաս կարոտից.
Ջինջ արցունքներ կճաճանչեն – կմարեն…

10
Մենք չգիտենք, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի.
Թե լուռ լինենք, լուռ ու հեզ – կապույտը ո՞ւր կտանի:

Նա – տրտմունակ մի կարոտ, նրա անունը սակայն
Ո՜չ դու գիտես, քո՜ւյր, ոչ ես, – կապույտը ո՞ւր կտանի…

Կորցրել ենք աշխարհի ճամփաները հին.
Իմ ո՛րբ ընկեր, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի…

11
Քո՜ւյր, ղողանջի՛ պես ճախրել ու գնալ, -
Հմայված ու հեզ – ճախրել ու գնալ…

Երկնքից – երկինք, իրիկվա մովում,
Անմարմին, անտես – ճախրել ու գնա՛լ…

Դեպի Ամենտի եզերքը կապույտ -
Քո՜ւյր, ղողանջի պես ճախրել ու գնալ…

12
Ինչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի, -
Զանգերը թաց ու ցողաբո՛ւյր մայրամուտի…

Ահա կույսերը գնում են աղոթելու.
Սգահանդես, տրտում թափոր մայրամուտի…

Լուսամփոփի պես կախվել է երկինքը բիլ
Հոգուս վրա – օ, սո՛ւրբ անդորր մայրամուտի…

13
Մահը, գիտե՞ս, մի լուսավոր առասպել է, քո՜ւյր,
Կյանքը այնքան մեղկ ու անգույն ու անբեր է, քո՜ւյր:

Մահը անուշ, անրջալույս տրտմություն ունի.
Կյանքը սակայն շաչող, փախչող, անհամբեր է, քո՜ւյր:

Կյանքի կանչը անկումների ազդարար է լոկ.
Մահը սակայն Կապույտ Երկրի մի բանբեր է, քույր…
14
Իրիկուն է, քո՜ւյր, – աչքերդ փակի՜ր,
Հոգնաբեկ, տխուր, – աչքերդ փակի՜ր:

Թարթիչներդ թող չթարթեն միգում.
Միգամած ու խոր աչքերդ փակիր:

Կոպերիդ տակ թող երազս թաղեմ.
Իրիկուն է, քո՜ւյր, – աչքերդ փակի՛ր…

15
Դիր մատներդ կույս՝ աչքերիս վրա, -
Հոգեվար հոգուս – աչքերիս վրա…

Հոգնեցի կապույտ մշուշից, մովից.
Դի՛ր մատներդ լույս – աչքերիս վրա…

Մահու պես քնքուշ դի՛ր մատներդ սուրբ -
Խոնջացած, անհույս աչքերիս վրա…

16
Իրիկունը ու կապույտը կանչեցին, քույր, -
Ճամփա ընկանք ոտաբոբիկ, երկնայի՛ն քույր…

Ու գնում ենք դեպի Հավերժը ամոքիչ.
Մահն է թեթև՛, մահն է բարի՛, անմարմին քույր…

Ետ չնայե՜ս, ետ չնայե՜ս թաց աչքերով,
Դու իմ վերջի՛ն, իրիկնայի՛ն, աստղայի՛ն քույր…

17
Որքան ցավ կա, որքան ցա՛վ կա այս կարոտում իրիկնային,
Ինչ տենչում ենք մի՞թե կտա այս կարոտը իրիկնային…

Թաց աչքերդ հովն Է շոյում շիրիմների փսփսուկով.
Թաց աչքերի՛դ գուցե գթա այս կարոտը իրիկնային…

Հսկումների պահը սուրբ Է.ժպտա՜, ժպտ՜ա, մահացող քույր,
Որ չհանի՛ քեզ Գողգոթա այս կարոտը իրիկնային…

18
Թող ապրի հոգին – կապույտ վանդակում.
Կան գանձեր անգին – կապույտ վանդակում:

Դու – ծարավ աղջիկ, կապույտը – գինի.
Դու – արբած մի կին – կապույտ վանդակում:

Ի՞նչ պիտի անես, ի՞նչ պիտի անես,
Երբ թափվի գինին կապույտ վանդակում…

19
Մարում է հոգիս, քո՜ւյր, քո աչքերում ու մեռնում է նա:
Մթնում է ահա քո կապույտ հեռուն – ու մեռնում է նա:

Մեռա՜ծ, մարած աստղ՝ նա ինչո՞ւ ընկավ երկինքները քո.
Նա ինչո՞ւ վառվեց երկրի խավարում – ու մեռնում է նա:

Շողի պես վերջին, աստղոտ երկնքից ընկած շողի պես`
Աչքերիդ վճիտ ցո՜ղն է համբուրում – ու մեռնում է նա…

20
Իրիկնային քո՜ւյր իմ հեզ, մեռելի՛ պես դու անցի՜ր,
Թող զանգերը օրհներգեն ու օրհնե՜ն քեզ, – դու անցի՜ր:

Վարդե՛ր թափեմ արծաթե, արծաթե աստղեր`
Դիակառքիդ, հոգո՛ւդ մեջ, դագաղիդ մեջ, – դու անցիր…

Մահատեսիլ ու անդարձ, օրերիս պես մի՛ֆ դարձած,
Անվերադա՛րձ, համրընթա՛ց, սգահանդե՛ս դու անցիր…

21
Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ.
Աղոթք անեմ, խունկեր բուրեմ – ու լռեմ:

Այն կարոտը, որ աչքերդ տվեցին,
Քո՜ւյր, հոգուս մեջ ողջագուրեմ – ու լռեմ:

Այն կարոտով իրիկնային ու անուշ -
Բոբիկ ոտքերդ համբուրեմ ու լռեմ…

22
Շրթունքներիդ հոգեվարքն է, քույր իմ, հեզ -
Աղո՜թք արա, որ աստղերի մեջ թաղեմ:

Քույր, շրթունքներդ արևին չերկարե՛ս.
Շունչդ սուրա, որ աստղերի մեջ թաղեմ…

Շրթունքներիդ դիակառքով, քույր իմ, ես
Հոգի՛ս, տարա, որ աստղերի մեջ թաղեմ…

23
Սիրո երգի կորած տողն ես հոգուս համար,
Սո՛ւրբ է կարոտդ` մոխրագես հոգուս համար:

Դու մի՛ֆ դարձած ու սրբացած մեռելների
Սուգը տոնող տրտում քո՜ղն ես հոգուս համար:

Իրիկնային մեռելոցի այս սուրբ պահուն -
Հի՛ն Կարոտի վերջին դողն ես հոգուս համար…

24
Քեզ կհասնեմ, քո՜ւյր իմ, ես – Ամենտի Երկրում:
Երբ հուշ դարձած կքնես – Ամենտի Երկրում…

Կհամբուրեմ, ջի՛նջ այնպես, շրթունքներդ ես,-
Կհամբուրեմ, քո՜ւյր իմ քեզ – Ամենտի Երկրում…

Մեռած աստղի լույսի պես, որ ժպտում Է մեզ -
Դու իմ հարսը կլինես-Ամենտի Երկրում…

25
Կմոտենանք մի իրիկուն Հավերժական Կապույտին
Կմոտենա երկրի հեռուն Հավերժական Կապույտին…

Վերջի՜ն սիրով կհամբուրեմ քո ոտները հոգնաբեկ.
Դու կմեռնես`նայվածքդ հեռուն`Հավերժական Կապույտին…

Եվ մարմինը քո խնկաբույր – հնամենի խունկեղեգ -
Կայրեմ որպես զոհաբերում – Հավերժական Կապույտին…

Կարս, 1916թ. 
Մոսկվա, 1917թ.

No comments: