ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ: անվերնագիր
Թէկուզ յիշողութիւնս ցնդի,
արիւնս յիշելու է պատմութիւնը ցեղիս ,
ուր մահերը հին յարութիւն են առնում
նոյնիսկ ժպիտներում:
Անհնարին է սրբել երգերի ընկղմած նոթան ,
թռիչքների ժանգոտած շղթան,
եւ ամէն ծածանուող դրօշակի վրայ
ծակերն անթիւ բարբարոս թնդանօթի:
Դառն յիշողութեամբ թրջուած
հօրս աչքերի մէջ ցոլանում են
նուաստացումի ճամբաներով
աքսորի քարաւաններն անվերջ:
Ու գնում եմ նրա հետ
դէպի կոտրուած մանկութիւն լսելու համար
անմեղութեան լացը խոր :
Եւ արեանս գնդիկների վրայ
դրոշմուած ցաւն այս ժառանգուելու է
սերնդից սերունդ ։
Իսկ եթէ մի օր ցնդեն գոյութեան
յիշողութիւնները բոլոր
ու միայն ումիայն մնայ
նա կրկնելու է – գիտեմ – թաքուն մի ձայնով
« Դեռ յիշում եմ ես
յիշում եմ...յիշում»:
ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ (1936-2014)
No comments:
Post a Comment