ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ: ՎԵՐՄԱՐԴԵՂԱՅԻՆ
Ես միշտ եղել եմ հեռավորության մի բնավայրում,
Եվ իմ էության ինչոր երանգում
Մի լուրթ արևի ցոլանք է շողում
Ժամանակների տարածության մեջ:
Այդ ե՞րբ է եղել…
Զգում, չեմ զգում,
Իմ բնազդների ի~նչոր խորերում
Ես եղել եմ` դու,
Դու` ես եմ եղել արարչության մեջ,
Եվ նույն գոյության ինչոր մի փշուր
Դեռ կենակցում է համագենության
Իմ նորոգ սրտում,
Վերմարդեղության արդի տարածքում:
Ու այս տրոփը
Սրտազգաց ու խոր
Ի~նչոր փշրանքով
Զարկերակիս հետ ներդաշն է զարկում:
Ժամանակները անցյալ են երբեմն,
Ու գալիք նաև,
Ետ ու առաջի զգացում չունեն ժամանակները.
Մի հիշողության բեկված մասնիկ են,
Որ յուրացվուն են իմ կամ քո մտքում:
Արդյոք անցյա՞լ է,
Թէ՞ գալիք է նոր,
Թե՞ ապագայի մի վաղնջություն,
Շահված, ապրված, սպառված երեկ:
Վերմարդեղության մի բարդ էությամբ
Ես քո տրտմության կսկիծն եմ զգում,
Թեև առօրյա տարբեր հոգսերով,
Որ անձնավորել, դարձրել եմ իմը.
Ես քո խնդության վայելքն եմ ապրում,
Ու շուրթիս վրա
Կարծես համովն է քո տված համի:
Ժամանակների ու տարածության
Մի անորոշ է,
Անծանոթության վիհ է տարրերի,
Որ արևների
Վառ երանգներ է խլել գույների
Իմ նոր արարման:
Երեկների խոր կարոտ կա անհագ,
Ապագաների մի հիշողություն,
Որ ներկայի հետ դարձել են նոր կյանք.
Ցոլքը տեսնում եմ ես իմ աչքերում:
Հովն է սոսափում
Մի լուրթ հեքիաթի խորհրդով հսկա.
Իմ բնազդական ջրիկ կաթիլում
Ես ջուր եղածի կարկաչն եմ լսում.
Իմ բնազդական բուսնող կանաչում
Տերևի, խոտի ինչոր շրշյուն կա.
Իմ բնազդական ինչոր կարծրությամբ
Ժայռի ընդերքում գուցե քարեղեն
Կուտապ եմ եղել.
Եղել եմ հուրը հալող թեժության:
Աստղը աստղին է եթե կարոտում
Ասուպի թևով ճեղքում է պատվար...
Մտքիս թռիչքը լուրթ հորիզոնում
Անցյալի ինչոր ապագա շերտում
Ծիածանում է գունեղ մի կամար,
Որի սյուները սրտիս խորքում են,
Սիրուս հնոցում,
Շուրթերիս վրա անպաճույճ մի բառ
Եվ անկենսագիր իմաստ է խրթին,
Որ ոչ հիշում եմ,
Ոչ էլ հասկանում,
Բայց բնազդաբար
Ինչոր մի կայծի խանձում եմ զգում,
Պեծի բռնկում,
Որով աչքերս լուսավորվում են,
Կյանքը տեսնելու խորիմաստությամբ։
Աստղաթրթիռ է աչքովս անցնում,
Դա ասուպների թիռից եմ շորթել,
Որ գեհենական ինչոր գալարում
Մի արարչության սկիզբ է եղել,
Կրել է տենչը հանուր գոյության,
Արարիչն ինքը Աստված է եղել,
Բոցի հյուլեն եմ եղել տարրական:
Գոյության ծինից
Մի բան մնում է անփոփոխ վկա
Նախատարրական ինքնակահությամբ.
Այդպես են տևում աշխարհները հին,
Որ նոր են, արդի,
Նույն արարչության օրհնված փառքով
Տիեզերք են ծով,
Հարափոխ դարձով վերմարդեղության
Պարագիծ հոլով:
Կյանքի քուրայում
Ես հալ եմ ընկել մետաղի նման
Ու զտվում եմ ձույլ.
Չհիշողության անծանոթ մի քոր
Ծակում է միտքս,
Եվ հեռուների մի մտերմություն
Մտապատկերով աննյութական
Պարուրում է ինձ.
Մանուշագունակ հորիզոնների ծավալ է անհուն,
Արձագանքների թնդյուն է կերկեր,
Որ ընդգրկում է ոգի ու եթեր
Արձակայնության անզգայությամբ.
Անզգայությամբ հԵռու է ու մոտ,
Հեռու է ու մոտ:
Գլենդել, Կալիֆորնիա, 2007-07-05
Copyright Grish Davtian. Used here by kind permission of the author.
No comments:
Post a Comment