Անդրանիկ Պետրոսյան: [Դու-դ ատում եմ, առավել Եսս]
Դու-դ ատում եմ, առավել Եսս,
Կեսս տենչում է միայն միության,
Իմ-ը տկար է, Քո-դ մենակ`
Անլույս, անթրթիռ, անհույզ, անճարակ:
Ինձ-ը գոռոզ է տիրաբար խոսող,
Իսկ Քեզ-ը կեղծիք է շատերին ասվող,
Կործանվող կեսեր խեղաթյուր եսից,
Ես ու դու -երի գծված սահմանից,
Անընդհատ ասվող եզակիներից,
Հյուսված միալար ինձ ու քեզ-երից,
Մենք-ին կարոտած, մենք-ին որոնած,
Հոգնակիության տոչորքից ցամքած,
Զրկված հաճույքից մի ամբողջության՝
Մարմնական խառնուրդ թրծված հոգեպես,
Կարծրակուռ դարձած լացի թացի մեջ:
Դու-դ ատում եմ , առավել եսս,
Ի՞նչ է կեսս առանց միության,
Ի՞ նչ եմ ես առանց գոյության,
Ինձ հզորացնող քո պինդ-թուլության:
Ես-ը ջնջում եմ բառերիս ցանկից,
Վերևից նետում Ինձ-ը ծանրացած,
Ու զրոյացրած եսասիրության երախը անկուշտ
Նայում, թե ինչպես է փշրվում անդարձ.
Մեկը կիսվում է` դառնալով երկու,
Իսկ մեր երկուն արդեն մեկ է, տե՛ս,
Դու -դ էլ չկա, չկա և եսս,
Կեսս դարձել է ամբողջական
Արդեն ուժեղ ենք, արդեն կատարյալ,
Լուսեղ, թրթռուն, հույզի նվիրյալ:
2011թ. հունվար
2 comments:
Հրաշք! Խոսքեր չունեմ:
Հրաշք! Խոսքեր չունեմ:
Post a Comment