Անդրանիկ Պետրոսյան: Գինեմոլ
Գինեմոլին գինի է պետք,
Թմրամոլին` հաշիշ, կոկային,
Բայց երկուսին էլ հաճույքի համար
Երեկվա չափից պետք է ավելին:
Պետք է ավելին,
Որպեսզի հասնեն իրենց զենիթին,
Երկնքին կպչեն մատների ծայրով,
Ատամներով կառչեն վերևից,
Ամպից, ցոլքերից, օդից, ոչնչից,
Իրենց երազի ազատ պատկերից,
Սեղմված գրկում երանելության
Կորչեն ծովերում երկնակամարի:
Ես նման եմ թմրամոլի.
Ամեն օր ուզում եմ կրկնապատկել
Իմ հաճույքի չափաբաժինը,
Ուզում եմ նորից այդ քաղցր թույնով
Խտղտացնել երակներս նեղ,
Ասեղը ուզում եմ ծակի մարմինս`
Ներս հոսեցնելով բույրը շուրթերիդ,
Թմրեցնի ուղեղս ու խենթահարի,
Ինձ վերև հանի ու շանթահարի,
Որ այդ հաճույքից ծնվեմ վերստին,
Որ այդ հաճույքից ծնկեմ ես գետնին,
Եվ ի՞նչ, թող ասեն թմրամոլ, կախյալ,
Բայց չէ՞ որ քո շունչն է իմ թմրանյութը,
Թող մարդկանցից ես դառնամ սովյալ,
Բայց չէ՞ որ քո խոսքն է իմ կյանքի նյութը,
Ուզում եմ ինձ բարձրացնես վերև,
Իսկ այնտեղից գցես ցնցման մեջ,
Որ գժվելու չափ հողը ճանկռեմ
Ու խելապատառ նորից պահանջեմ,
Ուզե՜մ և ուզե՜մ նորից կլանել
Ինձ երջանկացնող քո ներկայությունը,
Որի համար պետք է ավելին,
Ավելին քան երեկ, ավելին քան այսօր,
Որ վաղը ծաղրեմ երեկն ու այսօր,
Որ ամբողջությամբ զգամ քո հոգին,
Մի կողմ շպրտեմ շղարշդ գաղտնի,
Ու քեզնից ելնող հզոր ջերմությամբ
Կրկին սնուցեմ արյունս աղի:
Քո սիրո հաշիշն եմ ուզում թմրեցնի ուղեղս արթուն,
Քո սիրո համն եմ ուզում վայելի լեզուս օրնիբուն,
ԵՎ կանգուն ամեն ինչ խոնարհի իմ մեջ
Քո գերազանց գոյության առջև:
Գինեմոլին գինի է պետք
Թմրամոլին՝ հաշիշ, կոկային,
Ապրելու համար ինձ պետք ես դու
Երեկվանից առավել ուժգին:
No comments:
Post a Comment