Եղիշե Չարենց։Մեր լեզուն
Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնոյն պահին
Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
Վառուած է հըրով անշէջ դարերում հին:
Եւ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Յղկել են այն դարեր, որպէս մարմար,
Եւ փայլել է նա մերթ, ինչպէս բիւրեղ,
Մերթ կոպտացել, ինչպէս լեռնային քար:
Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին,-
Եւ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ-
Այդ նըրանից է, որ ուզում ենք մեր
Նոր խոհերի վըրայ ժանգ չըչոքի:
Այդ նըրանից է, որ մեր այսօրուայ ոգուն
Այլևս չի կարող լինել պատեան
Ո՛չ Տէրեանի բարբառը նըւագուն,
Ո՛չ Նարեկի մրմունջը մագաղաթեայ:
Եւ ո՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ
Թումանեանի բարբառը գեղջկական,-
Բայց նա կը գայ - լեզուն այս երկաթեայ բերքի
Եւ խոհերի այս խո՜ր ու երկրակամ...
No comments:
Post a Comment