Monday, February 03, 2020

Յարութ Կոստանդեան։ ՄԻ ՄԱՐԴ

I

Ասում էի ես ինձ մի օր՝
- Թէ գար հիմա այս ճամբայով
Մի մարդ հովի նման անցորդ,
Դէմքը պայծառ ու ոսկեզօծ
Նման աշխարհն ու տիեզերքը ման եկած մի արեւի…
Եւ լռութեան նման անդորր,
Երագներից անդին դիտող մի մարդ արի՜.
Մի մարդ աղքատ, սակայն հարուստ՝
Որպէս թափուած պտուղներով
Բեղմնաւոր է շուքը ծառի.
Հողերի պէս համբերատար, արցունքի պէս հաւատարիմ,
Եւ սիրո՜յ չափ տանջուած մի մարդ,
Օ՜, եթէ գար, եւ հայեացքն իմ դիտէր անթարթ,
Եւ աներկմիտ, եւ անայլայլ — քանզի վաղուց ինձ մտերիմ…
Թէ ճանաչէր ինձ անծանօթն
Եւ ասէր ինձ լոկ — « Բարի լոյս »,
Ողջունէի - « քեզ լոյս բարի ».
Բաւ էր այդքան ուր յայտնէի ես աշխարհին՝
Թէ կեանքիս մէջ տեսայ մի մարդ:

2
Եւ ասացի ես ինձ մի օր՝
Միթէ՞ դու չես լոյսը զուարթ
Եւ չե՞ս կարող լուսաւորել կեանքիդ օրերն՝
Որ ձեռնունայն դեռ սպասէս — մինչ գայ մի մարդ
Եւ որոնէ քո մէջ՝ իրե՜ն…։
Դո՜ւ ես աշխարհն եւ յայտնութիւնն իր նորահաս,
Հայեացքդ անհուն ցանկութիւնն է հորիզոնի.
Ո՜չ աւելի եւ ոչ պակաս՝
Հոսում ես դու յորդ ու վայրագ յորձանքներով Ամազոնի.
Գե՜տ՝ գալարւում ես դէպի ծո՛վ.
Ծո՜վ փրփրուն եւ ալեծածան,
Յուզում են քեզ մեծաշառայլ տենչանք ու դող՝
Արդ, կամարւո՜ւմ ես ծիածան,
Եւ անձրեւում ես դէպի հող,
Դո՛ւ յարաշարժ եւ յեղյեղուկ , դո՜ւ ինքնութեանդ մէջ անսասան՝
Դու մարդ մի լոկ ;

3
Ասում եմ մի մարդ ամբոզջ ու անեղծ՝
Խենթ ու իմաստուն , հպարտ ու կարկամ.
Ասում եմ հերոս , սուրբ ու բանաստեղծ՝
Արեւի պէս մարդ բարեկամ:

Մի մարդ՝ մարմնացած ոսկոր ու արիւն.
Մի մարդ՝ գոյութեան ցնծութիւն ու կամք.
Մի մարդ՝ հիասքանչ հոգի ու աւիւն՝
Աշխարհի պէս մարդ բարեկամ:

Ասում եմ մի մարդ յամառ եւ ուժեղ՝
Ձեռքեր ժրաջան եւ ձեռքեր անկար,
Դաշտերը հերկող անմշակ ուղեղ՝
Հողերի պէս մարդ բարեկամ։

Մի մարդ՝ հեշտասոյզ կնոջ մէջ բեղուն.
Մի մարդ՝ թշնամի լքուած արնաքամ.
Մի մարդ՝ պայքարի տենդերով եռուն՝
Կրակի պէս մարդ բարեկամ։

Ասում եմ մի մարդ յուզուած եւ հասուն՝
Ինքս իր մէջ տեսիլք, ինքն իր դէմ պատգամ.
Ասում եմ աստուած կերտող անասուն՝
Անհունի պէս մարդ բարեկամ։



No comments: