Յովհաննէս Թումանեան: Ախթամար
Ծիծաղախիտ Վանայ Ծովի
Փոքրիկ գիւղից առափնեայ,
Ծովն է մտնում գաղտագողի
Ամէն գիշեր մի տղայ:
Ծովն է մտնում առանց նաւակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դէպի կղզին դիմացի:
Խաւար կղզուց պարզ ու պայծառ
Մի լոյս կանչում էր նրան,
Մի վառ փարոս նրա համար,
Չմոլորի իր ճամբան:
Սիրուն Թամարն ամէն գիշեր
Այնտեղ կրակ է անում,
Եւ սպասում է անհամբեր
Այնտեղ՝ մօտիկ դարանում:
Բայց մի անգամ չարկամ մարդիկ
Նրանց գաղտնիքն իմացան,
Լոյսը հանգցրին սեւ ու սաստիկ
Մի մութ գիշեր դիւական:
Մոլորուեցաւ խաւար ծովում
Լողորդ տղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերո՜ւմ
Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր...»
Առաւօտեան ծովը ծփաց,
Ափը ձգեց մի դիակ,
Նրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
«Ա՜խ, Թամա՜ր...»
Այն օրուանից սրա համար
Կղզին կոչուեց Ախթամար:
Յովհաննէս Թումանեան
No comments:
Post a Comment