Wednesday, April 21, 2010

ՌՈՒԲԷՆ ՍԵՒԱԿ: Ա՜Յ ԱՉՔԵՐ


Աչքեր, ա՜յ աչքեր, հոգեծով աչքեր.
Աչքեր որ կերգեք, աչքեր, որ կուլաք.
Լույսե ծաղիկներ, մշտածոր վերքեր,
Աչքեր, որ կապրիք, աչքեր, որ մեռաք…
Խավարի լիճեր, կապույտի աչքեր։

Աչքեր միամի՜տ, ժպտու՜ն, օրորո՜ւն.
Ճամբաներու եզրն ի վար մոռցըված
Անկո՜խ դաշտերու ծաղիկներ սիրուն…
Զով այգիներուն պես անստվե՜ր, անլա՜ց,
Միամիտ աչքեր, ժպտուն, օրորուն։

Աչքեր, ա՜խ, բոցի մեղքեր տենդագին,
Հույս-հայրատ աչքեր, կիրքի պատարագ՝
Այրող, մխացող մեհյաններ Մեղքին,
Աչքեր, որ կայրիք, կթունեք, կեռաք.
Այսահա՜ր աչքեր, բոցե՜ղ, տխրագին։

Լճացա՜ծ աչքեր, ահավո՜ր, տրտում,
Հողին այնքան մոտ, անբարբառ, անբան,
Աշնան հովերեն տարվող անդադրում
Տերեւի պես, որ գիտե իր ճամբան…
Լճացա՜ծ աչքեր, անձրեւոտ, տրտո՜ւմ։

Ու դուք երազո՜ւն, խնկոտ, տրտմունակ
Գաղջ գիշերներու նըման հեշտաբույր
Սիրահա՜ր աչքեր, որ անտես, մենա՜կ,
Մութ կածաններեն կերթաք ի համբույր…
Սիրահար աչքեր, խնկոտ, տրտմունակ։

Դո՛ւք, բոլոր աչքեր, հրդեհներ անշեջ.
Աչքեր, որ կապրիք, աչքեր, որ մեռաք,
Եկեք մութ հոգվույս անդունդներուն մեջ
Կաթիլ բարեկամ արտասուք մը տաք,
Դուք բոլոր աչքեր, լույսի վիհեր գե՜ջ։

Աչքե՜ր, որ կապրիք, աչքեր, որ մեռաք։



ԱՆՏԻՊ ԵՋԵՐ «Նաիրի» 1995, Էջ 11


No comments: