Պարոյր Սեւակ։ Ուզում եմ
Ես ուզում եմ, որ պարապը լցվի լացով,
բայց ոչ թե մոր, այլ մանուկի։
Ես ուզում եմ, որ կարապը ոչ թե մեռնի,
որ կարապը ապրի՜ երգով:
Ես ուզում եմ, որ տարափը տեղա արտի,
ոչ թե՝ իզուր՝ ծովի վրա։
Ես ուզում եմ, որ քարափը քարայծ պահի,
ոչ թե օձեր և մողեսներ:
Ու թե մահը անխուսափ է՝
Թող նա տանի ո՛չ հերոսին, այլ մարդուկին։
Թե կռիվը անխուսափ է՝
Թող չկռվեն երկու երկիր, այլ մարդ ու կին։
Թե արդուկելն անխուսափ է՝
Ահա շո՛րը — սի՜րտ մի հանձնեք տաք արդուկին։
Թաղե՞լ է պետք —
պառավ մորը որդին թաղի,
ոչ թե մայրը ջահել որդուն։
Եթե երգել՝
Այնպե՛ս երգել, որ մտքի մեջ չմտածեն, «Հոգի հանեց»։
Եթե գրկել՝
Այնպե՛ս գրկել, որ նվաղեք իրար գրկում։
Եթե հարգել`
Այնպե՛ս հարգել , որ քծնանքի չվերածվի։
Եթե փրկել `
Այնպե՛ս փրկել, որ փրկվածը երախտիքի խոսքեր չասի:
Ու թե պառկել՝
Այնպե՛ ս պառկել, որ խափանվի տանկի՛ ճամփան,
Ոչ թե հրշեջ մեքենայի։
Մի անգամ Էլ թողեք ուզեմ.
Ես ուզում եմ՝
ինչպես մարդու նախահայրը իր օթևան քարանձավից`
չար նախանձի կերպարանքով հին գազանն էլ
առանց ցավի մարդու սիրտը թողած՝ գնա՜...
Ես ուզում եմ.
Եթե գերվել՝
ոչ թշնամուց,
այլ խելքահան աղջիկներից։
Եթե մերվել՝
ապա երբեք չթթվելով։
Եթե լարվել`
ապա միայն ստեղծելիս։
Եթե ճարվել՝
ապա փրկել մահամերձին։
Եթե ներվել՝
էլ չվիճե՛լ, Էլ չկռվե՛լ:
Եթե սիրվել՝
միայն մեկի՛ց և մե՜կ անգամ.,.
Ես ուզում եմ, ձեր կարծիքով անհնա՞րը։
Թո՛ղ, այդ դեպքում, կանայք ծնեն առանց ցավի
Երկըրները պատերազմեն, սակայն առանց արյան ծովի՜ ,
Հրդեհները առանց հրի՜ թող ճարակեն,
Մարդիկ իրար առողջությա՜մբ թող վարակեն
Թե բարակել է հարկավոր՝
թող բարակի մե՛ջքը կանանց ,
Թե տառակեր Է հարկավոր՝
թող նա մնա մեզ անճանա՛՛չ։
Պատարագե՞լ է հարկավոր`
համերգային մեծ բեմերի՜ց պատարագվի,
ոչ թե երգով դագաղ փակվի:
Կոտորակվե՞լ է հարկավոր՝
դպրոցական տ ե տ ր ա կն ե ր ո՛ ւմ կոտորակվի,
ո՛չ թե մարդկանց սիրտը ծակվի։
Ի՞նչ, տրաքվե՞լ է հարկավոր.
թող տրաքվի մանկան փուչիկ-խաղալիքը,
այն էլ եթե անորակ է,
ոչ թե արդար և մեղավոր
մեր մարդկային մոլորակը,..
Ես ուզում եմ...
Այն եմ ուզում՝ ինչ ամենքըդ...
No comments:
Post a Comment