Monday, September 09, 2013

Անդրանիկ Պետրոսյան: [Տեսե՞լ եք արդյոք]

Տեսե՞լ եք արդյոք սևազգեստ կյանքի հեգնող ու անտաշ հայացքը անսեր,
Կամ էլ անկեդան շուրթերից նրա ելնող թունավոր շունչը մահաբեր,

Տեսե՞լ եք արդյոք կյանքի վիհերում անվերջ խարխափող մարդկանց արցունքոտ,
Կամ էլ վայելքի անեզր ծովում անհագ սավառնող մարդկանց գինեհոտ,

Տեսե՞լ եք արդյոք այս անհուր կյանքի հրում այրվող հոգիները մութ,
Կամ էլ եդեմի փթթող պարտեզում անմեղ , հրճվող հոգիները լուրթ,

Տեսե՞լ եք արդյոք կյանքից աքսորված, կյանքից մոռացված որբուկի աչքեր,
Կամ էլ ամեն տեղ իր մորը փնտրող փոքրիկ ու ճերմակ մանկական ձեռքեր,

Տեսե՞լ եք արդյոք հոր ձեռքում մեռնող ու շունչը փչող զավակի արյուն,
Կամ էլ նորածնի քաղցրիկ լացից անվերջ չքնող ծնողներ արթուն,

Տեսե՞լ եք արդյոք սիրուց տոչորվող ու սիրտը կոտրած ջահել պատանի,
Կամ էլ սիրային մեղրածոր խաղում իրար գուրգուրող ու կրքոտ զույգի:
 
Եվ թե չեք տեսել այս ամենը դուք ու չեք ճաշակել վայելք ու նողկանք,  
Թե չեք ստացել կյանքի շողոքորթ, բայց  ցավոտ խոցող ժպիտից  զզվանք,

Ու թե չեք շնչել օդը հեղձուցիչ հյուսված պայքարից սև ու սպիտակի,

Ուրեմն կյանքի ղեկավարը մեծ թողել է Ձեզ մահճում երազի:

                                                                                      2008
թ-ի օգոստոս

Sunday, September 08, 2013

Անդրանիկ Պետրոսյան: [Դու-դ ատում եմ, առավել Եսս]

Դու-դ ատում եմ, առավել Եսս,
Կեսս տենչում է միայն միության,
Իմ-ը տկար է, Քո-դ մենակ`
Անլույս, անթրթիռ, անհույզ, անճարակ:

Ինձ-ը գոռոզ է տիրաբար խոսող,
Իսկ Քեզ-ը կեղծիք է շատերին ասվող,
Կործանվող կեսեր խեղաթյուր եսից,
Ես ու դու -երի գծված սահմանից,
Անընդհատ ասվող եզակիներից,
Հյուսված միալար ինձ ու քեզ-երից,
Մենք-ին կարոտած, մենք-ին որոնած,
Հոգնակիության տոչորքից ցամքած,
Զրկված հաճույքից մի ամբողջության՝
Մարմնական խառնուրդ թրծված հոգեպես,
Կարծրակուռ դարձած լացի թացի մեջ:

Դու-դ ատում եմ , առավել եսս,
Ի՞նչ է կեսս առանց միության,
Ի՞ նչ եմ ես առանց գոյության,
Ինձ հզորացնող քո պինդ-թուլության:
Ես-ը ջնջում եմ բառերիս ցանկից,
Վերևից նետում  Ինձ-ը ծանրացած,
Ու զրոյացրած եսասիրության երախը անկուշտ
Նայում, թե ինչպես է փշրվում անդարձ.
Մեկը կիսվում է` դառնալով երկու,
Իսկ մեր երկուն  արդեն մեկ է, տե՛ս,
Դու -դ էլ չկա, չկա և եսս,
Կեսս դարձել է ամբողջական
Արդեն ուժեղ ենք, արդեն կատարյալ,
Լուսեղ, թրթռուն, հույզի նվիրյալ:


                                           2011թ. հունվար

Saturday, September 07, 2013

Անդրանիկ Պետրոսյան: Երկու ժամ

Երկու ժամ , երկու համբույր, երկու գգվանք,
Երկու ժամ, երկու համբույր ու տառապանք,
երկու ժամ ու երկու սիրտ ու երկու երգ,
երկու ժամ ու երկու սիրտ ու երկու վերք,

Մատներ կպչող, վարսեր փախչող, ծիծաղ ու սեր,
Նրբին շոյանք, կարոտ, տենչանք ու լուռ խոսքեր,
Կյանքեր կպչող, բախտեր փախչող, սպասված աչքեր,
Ու բաժանում չկամեցող ոտնաքայլեր...

Երկու ժամ, երկու աչքեր ու մի պաշտող,
Երկու ժամ, մի ձմռան ցուրտ, ձեռքեր սառչող,
Ու շիկացող զգացմունքներ ու երակներ հրավառվող,
Երկու ժամ, երկու հոգի, մի հանդիպում խենթացնող...

                                                                                2011թ. Ձմեռ 

Friday, September 06, 2013

Անդրանիկ Պետրոսյան: [Քո թափանցիկ, քո թավշե, քո նուրբ]

Քո թափանցիկ, քո թավշե, քո նուրբ
Աչքերի կոպերն եմ ես ուզում լինել,
Որ առավոտվա արևի լույսից
Չուզենալով փորձեմ բաժանվել,
Որ գիշերվա օրորի ձայնից,
Երբ աչքերդ ուզենաս փակել,
Իմ կարոտած անբաժան զույգին
Քնի շղարշով նրբորեն ծածկեմ:

Աչքերիդ կոպերն եմ ես ուզում լինել,
Որ ամեն վայրկյան քեզ արագ հպվեմ,
Որ թարթելուց խոնավ համբուրեմ,
Որ բացվելուց քեզ աշխարհը տամ.
Թեք ու լուսեղ քեզ համառ նայող,
Որ փակվելուց երազներ քեզ տամ.
Երազներ գունեղ սիրով ողողվող,
Ճկվող ու գոցվող,
Շոյող  ու թրջող,
Անընդհատ թերթող,
Անընդհատ թերթվող,
Լույսից կկոցվող,
Արևից բացվող,
Թարթիչներն իրար մեղմորեն հպող
Աչքերիդ կոպերն եմ ես ուզում լինել:


                                                 2011թ., ձմեռ

Thursday, September 05, 2013

Անդրանիկ Պետրոսյան: Գինեմոլ

Գինեմոլին գինի է պետք,
Թմրամոլին` հաշիշկոկային,
Բայց երկուսին էլ հաճույքի համար
Երեկվա չափից պետք է ավելին:

Պետք է ավելին,
Որպեսզի հասնեն իրենց զենիթին,
Երկնքին կպչեն մատների ծայրով,
Ատամներով կառչեն վերևից,
Ամպիցցոլքերիցօդիցոչնչից,
Իրենց երազի ազատ պատկերից,
Սեղմված գրկում երանելության
Կորչեն ծովերում երկնակամարի:

Ես նման եմ թմրամոլի.
Ամեն օր ուզում եմ կրկնապատկել
Իմ հաճույքի չափաբաժինը,
Ուզում եմ նորից այդ քաղցր թույնով
Խտղտացնել երակներս նեղ,
Ասեղը ուզում եմ ծակի մարմինս`
Ներս հոսեցնելով բույրը շուրթերիդ,
Թմրեցնի ուղեղս ու խենթահարի,
Ինձ վերև հանի ու շանթահարի,
Որ այդ հաճույքից ծնվեմ վերստին,
Որ այդ հաճույքից ծնկեմ ես գետնին,
Եվ ի՞նչթող ասեն թմրամոլկախյալ,
Բայց չէ՞ որ քո շունչն է իմ թմրանյութը,
Թող մարդկանցից ես դառնամ սովյալ,
Բայց չէ՞ որ քո խոսքն է իմ կյանքի նյութը,

Ուզում եմ ինձ բարձրացնես վերև,
Իսկ այնտեղից գցես ցնցման մեջ,
Որ գժվելու չափ հողը ճանկռեմ
Ու խելապատառ նորից պահանջեմ,
Ուզե՜մ և ուզե՜մ նորից կլանել
Ինձ երջանկացնող քո ներկայությունը,
Որի համար պետք է ավելին,
Ավելին քան երեկավելին քան այսօր,
Որ վաղը ծաղրեմ երեկն ու այսօր,
Որ ամբողջությամբ զգամ քո հոգին,
Մի կողմ շպրտեմ շղարշդ գաղտնի,
Ու քեզնից ելնող հզոր ջերմությամբ
Կրկին սնուցեմ արյունս աղի:

Քո սիրո հաշիշն եմ ուզում թմրեցնի ուղեղս արթուն,
Քո սիրո համն եմ ուզում վայելի լեզուս օրնիբուն,
ԵՎ կանգուն ամեն ինչ խոնարհի իմ մեջ
Քո գերազանց գոյության առջև:

Գինեմոլին գինի է պետք
Թմրամոլին՝ հաշիշկոկային,
Ապրելու համար ինձ պետք ես դու
Երեկվանից առավել ուժգին:

                                             2011 թ. ապրիլ

Introducing Andranik Petrosyan. ծանօթանանք Անդրանիկ Պետրոսյանին

Անդրանիկ Պետրոսյանը ծնվել է Երևանում՝ 1988թ.-ին: Սկսել է ստեղծագործել  7 տարեկան հասակից: Նրա ստեղծագործությունները բազմիցս տպագրվել են թերթերում և հնչել ռադիոեթերներով, նաև կարդացվել են Հայաստանի Հանրապետության Գրողների Տանը և բարձր գնահատականի արժանացել բազմաթիվ նշանավոր հայ գրողների կողմից: Ներկայումս Անդրանիկ Պետրոսյանը բնակվում և ստեղծագործում է Ավստրալիայում:  

Wednesday, September 04, 2013

Melvin B. Tolson 1898–1966: Delta (excerpt)

Art
is not barrel copper easily separated
from the matrix;
it is not fresh tissues
—for microscopic study—
one may fix;
unique as the white tiger’s
pink paws and blue eyes,
Art
leaves her lover as a Komitas
deciphering intricate Armenian neums,

with a wild surmise.



Melvin Tolson, "Delta" from Harlem Gallery and Other Poems of Melvin B. Tolson (Charlottesville: The University Press of Virginia, 1999)