Friday, June 08, 2007

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ: ԸՆԿԱԾ ՀԵՐՈՍՆԵՐ

Լռության մեջ հավերժող հսկումի է ձեր ոգին
Հառնած ոգում Աստծուն, ազգին ու հայրենիքին,
Որոնց ձեր հուր արևը մատաղեցիք անսակարկ
Վեհորեն ու արժանի, նվիրումով բացարձակ։

Ո~վ դուք ընկած հերոսներ, որ բաշխեցիք մեզ ոգի
Կյանքի, սիրո, պայքարի, ստեղծագործ գալիքի.
Դուք եղաք կուռ պողպատը որով զոդված ամրացանք
Նորոգելու սուրբ ուխտը հանց անխափան դավանանք։

Ու սիրո լույսը եղաք, որ մենք տեսնենք ու սիրենք
Ազգը, որ ենք, ու երկիր, որ դեռ պիտի քանդակենք
Մեր ազգային երազի ու պատմության տարածքով,
Որ ազգուտակը մեր վեհ սնեցին հայ արյունով։

Արարատը ձյունափառ վեր խոյացած կենտրոնում,
Ճառագայթով է գծել սահմանները մեր սրտում,
Որ հայրենի լեռներով ու դաշտերով հայկական
Մեր հայրենիքն է իրավ, արմենական ու հայկյան։

Դա արյան գին է վայել, որ շահել ենք ձեր կյանքով,
Որով ապրել ենք ուզում մեր է՛լ արժանի կյանքով,
Որ դարերի ձգտումը և եռանդը բեղմնավոր
Պտղավորվի ազգային վայելչությամբ փառավոր։


Գլենդեյլ, Կալիֆորնիա, 2006-08-09

No comments: