Friday, July 03, 2009

Արամ Գառօնէ։ Գարնանային

Սարից իջաւ, գաղտնագողի, այս գիշեր
Գարնան հովը՝ սիրուց արբած ու խելառ,
Փռեց ճամբին թովչանք ու գեղ, փռեց սէր,
Ու ծառերին գգուեց, փարուեց խանդավառ։

Սարսռացին խնձորենին, նշենին,
Հեշտանքի ջերմ արբեցումով դողացին,
Տարփանք ու սէր շաղուած՝ լուսնի շողերին՝
Երազների ողկոյզ դարձած՝ մնացին։

Հալուեց գիշերն բուրմունքների ծփանքում,
Դարձաւ փրփուր, դարձաւ բիւրեղ, դարձաւ լոյս,
Կեանքի բողբոջն նորից ծաղկեց իմ հոգում,
Ողջոյն, ողջոյն գարնան պայծառ արշալոյս։


Արամ Գառօնէ (Արամ Տէր Պաղտասարեան)

Առաջին անգամ լոյս տեսած է «Գեղարդ» ի մէջ, Ա. տարի
1975, Հալէպ Սուրիա

No comments: