Friday, July 24, 2009

Մարո Մարգարյան։ [Խեղդվելու չափ պետք ունեմ ես]

Խեղդվելու չափ պետք ունեմ ես
Լավ ընկերոջ ու լավ մարդկանց.
Ոչ մի թավիշ շող ու շքեղ ,
Ոչ մի գունեղ մետաղ ու գանձ .
Ոչ մի թռիչք ՝ երկինք հասնող,
Փառքի կատար ամենախանձ,
Ու պարտադիր սուտ սերերի ,
Ոչ մի կպչուն սոսինձ ու սանձ:
Մաքուր, մաքուր ու լուսնատես,
Լուսաբացի ցուրտ օդի պես.
Ես հոգնել եմ, հոգնել եմ ես
Ձեվացնելով ու ձգելով,
Չեղած լավը սուտ փքելով,
Հույս տալով ինձ, սպասելով,
Ու մեղաներ ինձ ասելով:
Տարիները եկել դիզվել՝
Ծանրացել են թռիչք ու թափ,
Լավ սրտերի պետք ունեմ ես
Խեղդվելու չափ,
Խեղդվելու չափ:



Նորից մի անգամ ինձ ապտակեցին,
Հավատի համար իմ այս մանկամիտ,
Որ մնացել է դեռ նյարդերիս մեջ
Երազանքների այս հիմար քամին:
Եվ ծիծաղում են,
Ծիծաղում վրաս
Մարդիկ անարեվ,
Մարդիկ աներազ:
Որ դեռ լույսեր ու հույզեր են հորդում
Հոգուս հատակից,
Առանց կատակի.
Եվ ես սրտնեղաց ինձ հարց եմ տալիս…
Այս որ անգամն ես դեմ առնում պատին…

Այսօր անզիջում վերջ ու վերջակետ:
Անգին օրերի վատնումին իզուր ,
Խենթ քամիների մատնումին իզուր,
Այսօր անզիջում վերջ ու վերջակետ:
Խստախոս եղիր նախ ինքդ քեզ հետ,
Ջուրը մի թափի քիչ ունեցածդ.
Մի քանի քայլ է մնում քեզ հազիվ,
Անհուր, անիմաստ հատնումին իզուր՝
Այսօր անզիջում վերջ ու վերջակետ:

No comments: