Tuesday, October 05, 2010

Կարօ Արմենեան։ ՀԱՆԳՍՏԵԱՆ ԺԱՄ




Բառերը խունկի հատիկներ են
որոնք այսպէս պիտի բուրեն մեր ափերուն մէջ
            երբ այլեւս վերագտնենք մեր գորովը


հոս մեռելներ չկան
հոս յաւիտեան ողջ պիտի մնանք բոլորս
                     

տառապանքն ու ցնծութիւնը
նոյն եղկելի օրինազանցութեան
                                 հակադիր բեւեռներն են
           որոնք կը խանգարեն մեր կեանքերուն
                       կարգուսարքը




Եթէ ձեզմէ մէկը դեռ անուն ունի
եւ երկիւղով ու տրտմութեամբ կը զգայ իր թեւերուն մոխիրը
                           եւ կը փնտռէ վախճանական կարելին

եթէ կայ մէկը ձեր մէջ
որ այսպէս
օր ցերեկով
կրնայ կանգնիլ եւ ընդհարուիլ                      ինքզինքին


                                        եւ կը մերժէ ընդունիլ
                                            իրիկունէ իրիկուն
                                                    իր ուսերուն վրայ մաղուող


այս շինծու ու խաբուսիկ մանանան



Ահաւասիկ անոր գալուստն է որ պիտի տօնենք

                                                        բերկրանքով
           եւ անոր մահը ողջունենք երազանքով
                               եւ ուխտի գանք իր գերեզմանին


վասնզի ան է որ պիտի կրնայ մեռնիլ
                եւ հեռանալ մեր աշխարհէն
         եւ անոր մահն է որ պիտի տայ բազում արդիւնք






Եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր
             մեռանիցի
                                 ինքն միայն կայ

Յովհաննու Աւետարանին յիշած ողջերը մենք ենք
այդ մենք ենք որ անյուսօրէն կորսնցուցինք մեր մեռնելու


                                                        իրաւունքը
եւ մենք ենք որ պիտի ապրինք






Օգնութեան հասէք մայրաքաղաքին
օգնութեան հասէք նենգերուն ապիկարներուն
                             որձեւէգներուն եւ բոզերուն
հասէք տէրերուն
եւ անտէր մարդոց
         
որոնք նրբութեամբ                        եւ օրը օրին
       կը նախագծեն            մեր ամօթալի համակեցութեան
                                             դժխեմ դաշինքը






Յաթոռն Մովսիսի
արդէն բազմեր է յետին պաշտօնեան
եւ մեր մայթերը ահա կը վխտան մաքսաւորներով
օրէնսդիր եւ ապօրէն
ամբաստանեալ եւ բանսարկու
մայր եւ անմայր
ամէն կէսօր
դուրս կը թափին ապականութեան դռներէն
            եւ գաղտնօրէն
                 կը յուսան                                       մեր արիւնը





Մեր մարմինները ինկած են հողին
              աննպատակ եւ ամուլ
մենք կեցած ենք հողին վրայ
բիրտ ու մեկին ու անարցունք
մենք դիզուած ենք հողին վրայ
անժամանակ ու անհոգի
մենք դրուած ենք հողին վրայ                        անհատ անհատ
                              
                                              եւ չենք հիննար

մենք մարդերն ենք զգայազիրկ
չենք ընկրկիր չենք արբենար չենք արիւնիր
                       եւ չենք կքիր
մենք կանգնած ենք հողին վրայ

             յետին մտքով                        մեր անյեղլի
         եւ անփոփոխ ու քստմնելի է մեր երիտասարդութիւնը






Մայրաքաղաքին պատերուն տակ միլիոնաւոր ողջ մարմիններ
             թաղուեցան
                                  օր ցերեկով                     եւ գլխիվայր

դուք որ կու գաք հեռուներէն
մի կոխկռտէք մայրաքաղաքին հին ու տմոյն մայթերը
անոնք ծեծուած եւ անըզգայ ներբաններն են իր մարդերուն
մի չարչարէք կնճիռները
որոնք տանջուած ու համր բառերն են իր դարաւոր
                                               օրինագրքին
միլիոնաւոր գաճաճներ կան որոնք կրցան խուսափիլ
              ամբողջ օրուան մը նախճիրէն
                  եւ որոնք այժմ կեցած են

                       սանդուխներուն ստորոտը
                                                            

                                                          ու վարէն կը դիտեն ձեզ

վերէն մի նայիք գաճաճներուն
վասնզի անոնք են որ
վերջ ի վերջոյ
կը տնօրինեն
ամէն մէկուս                         ելեւմուտքը





Ես գիտեմ որ այս իրիկուն
մայրաքաղաքը կը փնտռէ իր անուղղան
արհեստավարժ ու մկանուտ հազար շուներ կը պտըտին
օր ու գիշեր եւ կը փնտռեն

                                             հին նոխազը

որ վերստին ծներ է հեռաւոր տան մը մսուրին մէջ
                              եւ խուճապի կը մատնէ





Ահաւասիկ ես եւ կինս եւ մեր միասնական անկողինը
         ուր կ՛արթննանք
              եւ մայրաքաղաքին բութ տիեզերքը
                                       որ արդէն կը վախցնէ մեզ


բարեբախտաբար դեռ ունինք մեր առտնին մխիթարանքը
որուն այսպէս կÿապաւինինք
ու կը լռենք


օրը պայծառ է դուրսը եւ հողը բերրի
եւ առայժմ ամէն բան ճշգրտօրէն ընդելուզուած
մեր որդիները այս ու այն կերպ պիտի կրնան վերապրիլ
շփոթին մէջ
որ անպայման պիտի տիրէ               փրկելով մեր կացութիւնը
եւ մայրաքաղաքը
ամէն առտու
մեքենաբար պիտի կրկնէ իր անարիւն բառերը
             որոնք ոչինչ կը բուրեն
մնացեալը մանրամասնութիւն է
մնացեալը չ՛արժեր յիշել
  



Ազդակ Գրական, 2010, Թիւ 5-6


No comments: