Լեւոն Դռնոյեան։ Գրիգոր Խանջեանի «Վարդանանքի» առջեւ
Krikor Khandjian (1926-2000) "Vartanank" - Pastel 5.4 x 6.75 m - Etchmiadzin - Armenia
ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋԵԱՆԻ «ՎԱՐԴԱՆԱՆՔ»Ի ԱՌՋԵԻ
Խաղաղաթիւն է մեր Հայրենիքում,
Արեւն է ժպտում հողին հայրենեաց
Ահա զաւակիս սեղմած իմ գրկում
Կանգնած եմ նորից Վարդանանց դիմաց։
Ինչու՞ քնեցիր, զաւակ իմ միակ,
Արթնացիր, իմ յոյս, արթնացի՛ր, անգին,
Այս սուրր դէմքերից ցայտում է կրակ
Եւ հասնում է քեզ, հասնում ամէնքին։
Արթնացի՛ր, գրուի՚ր Վարդանանց զինուոր
Որ Հայրենիքին մեր չիջնի խաւար–
Մեր պատմութիւնը այս է դարաւոր՝
Անվերջ, անվախճան մի մեծ Աւարայր։
Զինուորներն ահա մեր անխոցելի՝
Ոգու մեծերը՝ անցած դարերից,
Մի վերին կամքով խմբուել են ի մի
Եւ Աւարայրը թնդում է նորից։
Նարեկն է խօսում մեր Աստծոյ հետ,
Զարենցն է կանչում՝ անու՜շ Հայաստան,
Եւ Վարուժանը՝ վերադարձած ետ
Լուծում է վրէժ հեթանոսական։
Այդ դէմքերի մէջ՝ հաւատով շնչող՝
Ես մելամաղձոտ դէմքեր եմ տեսնում–
Պատանի հոգում՝ մեղմ ու երազող,
Ապագայ երգի պտուղն է հասնում։
Այդպէս եղել է, այդպէս կը լինի՝
Կռուի դաշտերում չենք կոշտանում մենք-
Սուրն ամէնազօր՝ խօսքն է հայրենի,
Վահանը անխոց՝ ոգու գանձը մեր։
Իսկ հիմա, որդիս, արթնացի՛ր քնից
Բաւ է անխռով մնաս դու քնած,
0՜, մի՛ ուշացիր քո Աւարայրից՝
Վասն Հաւատոյ, Վասն Հայրենեաց...
ԼԵԻՈՆ ԴՌՆՈՅԵԱՆ
Երեւան, Բժիշկ-սրտաբան
No comments:
Post a Comment